«Հարցեր տվող» սերնդի փոխարեն՝ ջիհադամոլներ

Թուրքիայի իշխանությունները երեկ՝ հուլիսի 18-ին, ներկայացրել են դպրոցական նոր ծրագիր, որում Չարլզ Դարվինի էվոլյուցիայի տեսությունը տեղ չի գտել:
 
Երկրի ուսուցիչների արհմիության նախագահն այդ փոփոխությունը բնութագրել է որպես սխալ ուղղությամբ արված քայլ, որով փորձում են խուսափել «հարցեր տվող սերնդի» առաջացումից։
 
Կրթության նախարար Իսմետ Յիլմազն էլ կարծիք է հայտնել, թե այդ տեսությունը «վեր է դպրոցականների ըմբռնումից», դրա համար էլ ուսումնական ծրագրից հանվել է։ Իսկ Ժողովրդական հանրապետական կուսակցության ներկայացուցիչներից մեկը նախարարի այդ ձևակերպումը ավագ դասարանցիների համար վիրավորական է համարել (հաղորդել է «Ռոյթես» գործակալությունը):
 
Դարվինիզմի փոխարեն 2017-2018թթ. ուսումնական ծրագիրը «Իմամ Խաթիպ» կրոնական դպրոցներին պարտավորեցնում է ուսումնասիրել ջիհադի հայեցակարգը։
 
- Ջիհադի իրական իմաստը մեր ազգի հանդեպ սերն է,-լրագրողների համար պարզաբանել է կրթության նախարարը: 
 
Արաբերեն «ջանք» բառի հոմանիշը լինելով՝ ջիհադը իսլամական կրոնում շատ լայն նշանակություն ունեցող հասկացություն է, որի բուն իմաստն է՝ ջանասիրություն Ալլահի ճանապարհին: Ցավոք՝ այսօր այդ հասկացությունն այնքան է պարզունակացվել, որ զանգվածների ընկալումներում միայն մեկ իմաստ է ձեռք բերել՝ զինված պայքար հանուն իսլամի տարածման ու հաղթանակի: Այն ժամանակ, երբ նորածին իսլամի ընդերքում այդ գաղափարը մշակվել է, թուրքերի կրոնական պատկերացումները, հաստա՛տ, մահմեդականության հետ առնչություն չեն ունեցել, ուր մնաց, թե իրենց «ազգի» հանդեպ սիրո իմաստ պարունակեր… 
 
Ըստ էության, ուսուցիչների արհմիության նախագահի նշած՝ «հարցեր տվող սերնդի» բերանը փակելուց բացի, ուսումնական նոր ծրագիրը միտում ունի այդ սերնդին դարձնել մոլեռանդ այլատյացներ: 
 
Մի խոսքով, Թուրքիան փորձում է համաշխարհային այս տարածված կրոնից ինչքան հնարավոր է՝ շատ օգուտներ քաղել: Իսկ իսլամիստների ծավալած գործունեությունը բավական է՝ պատկերացնելու համար, թե որքան ավերիչ կարող է լինել իսլամի ազդեցությունը վարպետ քարոզչության պարագայում:
 
Այնպես որ՝ զգուշանալու նոր առիթ ունի աշխարհը: