Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է

ԱՐՑԱԽԻ ՏԵՂԸ ՔՉԵՐԸ ԳԻՏԵՆ

Վիճակագրական տվյալները սկսել են փաստել, որ Հայաստանի հանդեպ զբոսաշրջիկների հետաքրքրությունն աճել է: Սահմանային անցման կետերից ստացված տվյալներով՝ Հայաստան այցելությունների ընդհանուր թիվն ընթացիկ տարվա առաջին 6 ամիսներին եղել է 1 միլիոն 350 հազար 791, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 24.3 տոկոսով:
 
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը: Ըստ նրա՝ այս տարվա առաջին եռամսյակում գրանցել ենք 18 տոկոս աճ.
 
-  Սակայն սրանով չենք բավարարվելու: Մենք մեր առջև նպատակ ենք դրել կրկնապատկելու զբոսաշրջիկների թիվը: Մեր երկիր զբոսաշրջիկներ են եկել ՌԴ-ից, Վրաստանից,  Իրանից, Թուրքմենստանից, Իսպանիայից, Կանադայից,- մանրամասնեց  կոմիտեի նախագահը:
 
Զբոսաշրջության պետական կոմիտեն նոր շուկաներ է ուսումնասիրում: Հիմա սևեռվել են Չինաստանի ու Ճապոնիայի վրա.
 
- Հոկտեմբերին դեռ նշագծվել են այն հիմնական թիրախային շուկաները, որոնց հետ աշխատում ենք. Մասնավորապես՝ ներքին շուկան, Ռուսաստանը, Իրանը, Արևմտյան Եվրոպայի այն երկրները, որոնց հետ Հայաստանն ունի ուղիղ չվերթներ, Գերմանիան, Պարսից ծոցի երկրները: Այս տարի ուսումնասիրում ենք նաև այլ շուկաներ, ինչպիսիք են Չինաստանը, Ճապոնիան: Իհարկե, հարկ եղած դեպքում օգտվում ենք նաև առիթներից՝ այլ երկրներում զբոսաշրջային արդյունքը ներկայացնելու:
 
Անդրադառնալով ՌԴ քաղաքացիների ներքին անձնագրերով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու որոշմանը՝ Զարմինե Զեյթունցյանն ասաց, որ այդ անձնագրերով արդեն Հայաստան է ժամանել մոտ 8 հազար քաղաքացի:
 
Հիշեցնենք, որ որոշումն ուժի մեջ է մտել 2017 թվականի փետրվարի 23-ին:
 
Սրան զուգահեռ կարևորվում է ներքին զբոսաշրջության զարգացումը: Գուցեև տարօրինակ թվա, բայց Հայաստանի բնակչության 5-7%-ն է եղել Արցախում: 
 
Զեյթունցյանը նաև հավելեց, որ  այժմ աշխատում են «Զբոսաշրջության մասին օրենքում» համապատասխան լրացումներ ու փոփոխություններ կատարելու: Օրինագիծը կոմիտեն կառավարություն է ներկայացրել:
 
- Այս օրենքով կարևորել ենք ծառայությունների մատուցման որակի ապահովումը, լիցենզիաների տրամադրումը և այլն: Կարևոր մի կետ ենք նաև ավելացրել, ըստ որի՝ օրավարձով տներին ու հյուրատներին կարգավիճակ կտրվի, ինչը հնարավորություն կտա այլընտրանք լինել հյուրանոցներին,- տեղեկացրեց ասուլիսի մեկ այլ բանախոս, կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանը: