Երկու բևեռների միջև. նախընտրելին «և՛, և՛»-ն է

ԱՆՀԱՐԳԱԼԻՑ ՈՒ ՈՉ ԿՈՌԵԿՏ

Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան՝ աշխարհաքաղաքական այս բևեռների ընտրությունը նաև բանավեճի առիթ է Հայաստանի քաղաքական դաշտում: Ու ամեն անգամ, երբ այս կամ այն բևեռից տրտունջ կամ ամբարտավան հայտարարություն է հնչում, կրքերը թեժանում են: Այս անգամ էլ պատճառը ՌԴ պետդումայի խոսնակի հայտարարություն էր ռուսերենը Հայաստանում երկրորդ պետական լեզու դարձնելու մասին: Իշխանության ներկայացուցիչները հակադարձեցին՝ ռուսաց լեզուն Հայաստանում պետական լեզվի կարգավիճակ չի կարող ստանալ:
 
Արևմտամետ շրջանակներն էլ որոշեցին Ռուսաստանին առաջարկել՝ ՌԴ-ում հայերենը 2-րդ պետական լեզու դարձնել, քանի որ այնտեղ մոտ 2 միլիոն հայ է ապրում: Ավելին, Հայաստանում աշխատող ռուս զինվորականները պարզապես պարտավոր պիտի լինեն հայերեն սովորել: Հատկապես առաջարկի վերջին հատվածը «կեսկատակ-կեսլուրջ»-ի շրջանակներում կարելի է ընդունելի համարել:
 
Սակայն եվրոպամետների արձագանքը սրանով չավարտվեց: Նրանցից ոմանք անմիջապես ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու պահանջ-ցանկություն հնչեցրին՝ տուրք տալով նեղմիտ միակողմանիությանը:  
 
Իրականում աշխարհաքաղաքական 2 կենտրոններին էլ հակադրվող ուժեր պետք է լինեն պետության ներսում, քանի որ իշխանությունը միայնակ չի կարող և պետք էլ չէ, որ արտաքին աշխարհից հնչող բոլոր առաջարկները միայն իր անունից ընդունի կամ մերժի: 
 
Տվյալ դեպքում՝ ռուսերենը Հայաստանում պետլեզու ճանաչելու մասին Ռուսաստանի պետդումայի խոսնակի հայտարարությունն անընդունելի է ոչ միայն քաղաքական, այլև էթիկայի տեսանկյունից: Հին ճշմարտություն է՝ քանի լեզու գիտես, այդքան մարդ ես, բայց որևէ օտար լեզու մայրենիիդ հետ հավասար բարձունքում բազմեցնելը նախևառաջ ինքնիշխանության զիջում չէ՞: 
 
Բացի այդ, իրենց լեզվի պաշտամունքը Հայաստան հասցնել ձգտող ռուս պաշտոնյաներն իրենց այդ առաջարկը գոնե դիվանագիտական խողովակներով կարող էին  անել՝ անաղմուկ, առանց անհարկի հավակնոտության: Մինչդեռ՝ ի լուր աշխարհի առաջարկ են հնչեցնում, որ այն ընդունելն ընկալվի որպես հլու կամակատարությո՞ւն: Իսկ հայկական կողմի արձագանքներից հետո այդ հայտարարության կրկնությունը պարզապես անհարգալից համառություն է մեր ռազմավարական գործընկերոջ կողմից. եթե նույնիսկ դրա նախաձեռնողը մեկ բարձրաստիճան պաշտոնյա է: 
 
Արդյունքում քաղաքական դաշտում նորից կրքեր թեժացան, այնպիսի ծայրահեղ հայտարարություններ հնչեցին, ինչպես օրինակ՝ դուրս գալ ԵՏՄ-ից կամ փակել դռները ԵՄ-ի առաջ: 
 
Ծայրահեղ այս կարծիքների մեջ մեն միակ ճշմարտությունն այն է, որ երկու կողմի հետ էլ պետք է համագործակցել՝ յուրաքանչյուրից առավելագույն օգուտը քաղելով և մեզ համար մերժելիից հրաժարվելով: 
 
Նախ, ԵՏՄ-ից դուրս գալն այդքան էլ հեշտ չէ, ինչպես կարծում են մեր որոշ գործիչները: Երկրորդ, վերջերս հրապարակված զեկույցի համաձայն՝ ԵՏՄ-ից Հայաստանն ավելի շատ շահել է, քան կորցրել: Այլ խնդիր է, որ այս կառույցում գերակշռում են բացահայտ ադրբեջանամետները և չեն էլ թաքցնում իրենց այդ համակրանքը՝ ընդդեմ Հայաստանի:
 
Ինչ վերաբերում է ԵՄ-ն փրկության միակ փարոս ընդունողներին, նրանց էլ հիշեցնենք, որ ԵՄ-ն Հայաստանի տնտեսության առաջ իր դռները լայն չի բացելու: Չմոռանանք նաև, որ արդեն մի քանի տարի է՝ այնտեղից եկող որոշ քամիներ փորձում են խարխլել մեր արժեհամակարգը՝ մեզ պարտադրելով ընդունել միասեռականների ամուսնությունը, կրոնական փոքրամասնությունների իրավունքները հարգել` հետո միայն որոշակի տնտեսական արտոնություններ տրամադրելու համար: Սակայն սա չի նշանակում, որ ԵՄ-ն միայն բացասական կողմերով է ներկայանում կամ ասոցացվում է տարատեսակ անոմալ երևույթների հետ: Չլիներ, դիցուք, ՄԻԵԴ-ի ազդեցությունը, քանի-քանի քաղաքացի կճզմվեր անարդարության ճիրաններում, կամ՝ տարբեր կրթական կենտրոններ, ՏՏ ոլորտի հաստատություններ դժվար թե բացվեին...