Առողջության պահպանում՝ հիվանդաբուժության փոխարեն

ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿԸ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄՆ Է

Հանրությունը հետաքրքրությամբ է հետևում Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի՝ մարզեր կատարվող այցերին: Եվ բոլորի ակնկալիքը մեկն է՝ որպեսզի ոլորտում կատարվող ու կատարվելիք բարեփոխումները հնարավորինս մատչելի դարձնեն բուժումը, և առողջության պահպահությունը չմնա սոսկ որպես հիվանդաբուժություն:
 
Զի գաղտնիք չէ, որ անվճարունակ մեր հասարակությունը բժշկին դիմում է առողջության ծայրահեղ վատթարացման դեպքում՝ բարդացնելով իր ապաքինումն ու բժշկի գործը:
 
- Մեր գլխավոր նպատակներից մեկը մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարելավումն է։ Դրա հետ մեկտեղ կարևորվում է շրջանառվող ստվերային գումարները սպիտակ դաշտ բերելը,-Արագածոտնի մարզի առողջապահության կազմակերպիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։ 
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են, թե տեղերում ի՞նչ գործիքներ են անհրաժեշտ, որպեսզի վճարովի ծառայությունների համար դրամարկղ մուտքերը ոչ միայն աճեն՝ հասցվելով  պետական պատվերի համար նախատեսված գումարի առնվազն 30 տոկոսին, այլև դրանից ավելի մեծ տոկոսներ հատկացվեն բժիշկներին։ 
 
Մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արտեմ Պետրոսյանը ներկայացրել է, որ տեղում քննարկվել է օպտիմալացումից հետո մարզի բժշկական կազմակերպություններում բժշկական ծառայություններն ազգաբնակչության պահանջներին համապատասխանեցնելու հարցը։ 
Լևոն Ալթունյանն ընդգծել է, որ օպտիմալացման արդյունքում տնտեսված գումարներն ուղղվելու են մարզի առողջապահության զարգացմանը՝ առաջարկելով մշակել զարգացման ուղղվածության տեսլականը։
 
Մարզի բժշկական կազմակերպությունների ղեկավարները, հավանություն տալով նախարարության ծրագրերի սոցիալական ուղղվածությանը, առաջարկել են կանոնակարգել պետական պատվերի տրամադրման գործընթացը։ Մասնավորապես, վճարներ սահմանվեն՝ եթե հիվանդը ցանկանում է  բուժումը ստանալ ոչ նախատեսված վայրում կամ ժամերին։ 
 
Լևոն Ալթունյանը մարզի առողջապահության կազմակերպիչներին առաջարկել է համագործակցել նախարարության ստորաբաժանումների հետ ըստ ոլորտների բժշկական ծառայությունների բարելաման նպատակով։ Նա նշել է, որ առաջիկա հանդիպումներին կքննարկվեն  այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու դրանց արդյունավետությունը։