«Անգլիայի թագուհի». իրակա՞ն, թե՞ ձևական իշխանություն

91-ամյա Եղիսաբեթ թագուհին մտմտում է՝ հօգուտ իր 68-ամյա որդի Չարլզի, չհրաժարվի՞ արդյոք գահից, որին արդեն 64 տարի իշխում է: Լրատվամիջոցները հաղորդել են, թե նման ծրագրեր Անգլիայի թագուհին սկսել է քննարկել իր մերձավորների հետ: Ինչպես «Դեյլի մեյլն» է հաղորդել՝ այդ քայլին նա մտադիր է դիմել 95 տարեկանում:
 
Պալատի որոշ ներկայացուցիչներից լսած տեղեկությունները համադրելով՝ արքայական ընտանիքի գործերով փորձագետ Ռոբերտ Ջոնսոնը ենթադրում է, որ գահի այդպիսի փոխանցումն առանց բացասական հետևանքների իրականացնելու նպատակով ծրագրվում է գործի դնել 1937թ. օրենքը՝ խնամակալության վերաբերյալ: 
 
Թագավորական ընտանիքն այդ լուրերը դեռևս չի հաստատել, սակայն դրանք լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրել են վերջին տարիներին բնորոշ դարձած մի երևույթի վրա: Արդեն մի քանի միապետ հրաժարվել է գահից՝ հօգուտ իրենց ժառանգորդների: 2013թ. այդ կերպ գահից հրաժարվել են Նիդեռլանդների 75-ամյա Բեաթրիքս թագուհին և Բերգիայի 79-ամյա թագավոր Ալբերտը, իսկ 2014թ.՝ Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսը: Եվրոպայի միապետների օրինակին 2017թ. հետևել է Ճապոնիայի կայսրը, և այդ երկրի խորհրդարանը օրենք է ընդունել, ըստ որի մոտ ժամանակներս գահը պետք է ստանձնի թագաժառանգ արքայազնը:
 
Պետությունների կառավարման միապետական համակարգը մեր օրերում մի տեսակ հնի մնացուկ է թվում: Ժողովրդավարություն տարփողող Եվրոպայում էլ երբ խոսում են այս կամ այն երկրի թագավորի կամ թագուհու մասին, կարծես ընդամենը իշխանության խորհրդանիշներն են ակնարկում, ինչպես օրինակ դրոշը կամ զինանշանը: Բայց ո՞վ կարող է ստույգ ասել, թե որքան իրական իշխանություն ունեն այդ թագակիրները:
 
«Անգլիայի թագուհի» ասելով՝ մարդիկ հենց այդպես էլ հասկանում են՝ առանց իրական իշխանության ու իրավունքների  քաղաքական դեմք:  Բայց այդպե՞ս է արդյոք:
 
Իսկ գուցե Մեծ Բրիտանիայի պետական նշանակության բոլոր վճիռները հաստատում են ստանում թագուհու իրական թույլտվությամբ միայն, և լոկ դրանց համար պատասխան տալու ծանրությունն է ընկնում վարչապետի կամ խորհրդարանի վրա: «Անգլիայի թագուհի» թևավոր խոսքն էլ, թերևս, պարզապես քաղաքական մի ծուղակ է՝ սքողելու համար իշխանության իրական աղբյուրն ու պատասխանատվությունը: 
 
Մեր դարում երկարակեցությունը այնքան սովորական բան է դարձել, որ գահակալող միապետները հասնում են զառամյալ տարիքի: Իսկ դա չէ՞ որ կարող է նաև զառամախտի պատճառ դառնալ: Արդի վտանգավոր աշխարհում պետությունը զառամախտով տառապողների կառավարմանը հանձնելն, իրոք, վտանգավոր է (թեև երբեմն դա տարիքի հետ առնչություն չունի): Գուցե հենց սա է պատճառը, որ աշխարհի միապետները գահից հրաժարվում են հօգուտ համեմատաբար երիտասարդ թագաժառանգների: