Անցյալի ուրվականը հետապնդում է

ՄԱՆԱՎԱՆԴ`ՆՇԱՆԱՎՈՐ ԱՆՁԱՆՑ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին 30 տարվա վաղեմության մերկացնող փաստ է հրապարակել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանությունը: Երբ 1987թ. Թրամփը կառավարությանն է դիմել` Սիդնեյում խաղատուն կառուցելու թույլտվություն ստանալու համար, նահանգի որտիկանությունը խորհուրդ է տվել այն արգելափակել` դա հիմնավորելով հանցավոր աշխարհի հետ նրա կապերով:

Այսօր այս մասին հրապարակում է զետեղել «Աուսթրալիան» պարբերականը, որի տրամադրության տակ հայտնվել են Ավստրալիայի խոշորագույն խաղատունը կառուցելու մրցույթի վերաբերյալ փաստաթղթերը:

Պարբերականը ուղղակի հայտարարել է.

- Սիդնեյում առաջին խաղատունը կառուցելու և այն կառավարելու Դոնալդ Թրամփի ծրագրերը խափանվել են Նոր Հարավային Ուելսի կառավարության կողմից՝ հիմք ընդունելով ոստիկանության զեկույցը, որը նախազգուշացնում էր մաֆիայի հետ ԱՄՆ ներկայիս նախագահի կապերի մասին:

Նշվում է, որ Սիդնեյի խաղատան մրցույթին հայտ ներկայացնելիս Թրամփն արդեն խաղատուն է ունեցել Ատլանտիկ Սիթիում: Հենց այս խաղատան գործելակերպին հղում անելով էլ` նահանգի ոստիկանությունը կազմել է իր խորհրդատվությունը: Նրա պատրաստած նյութերում նշված է.

- Ատլանտիկ Սիթին Սիդնեյի համար կասկածելի նմուշ է, դրա համար կարծում ենք, որ Kern-Թրամփ կոնսորցիումը պետք է բացառվի՝ պայմանավորված մաֆիայի հետ Թրամփի կապերով:
 

Ուշագրավ է, որ Սիդնեյում առաջին խաղատունը հայտնվել է միայն 10 տարի անց: Կարելի է ասել` Թրամփի հանցավոր կապերը բազմաթիվ սիդնեյցիների հետ են պահել խաղամոլության ճահճից:

Սա երևի «չկա չարիք առանց բարիքի» շրջանակից է:

Այս հրապարակումն, արդյոք, որևէ ներգործություն կունենա՞ աշխարհում տեղի ունեցող տագնապալի իրադարձությունների հետագա զարգացման վրա: Մի բան պարզ է` մոլորակի բախտը հայտնվել է խաղատնային բիզնեսի հաշվին հարստացած, էությամբ խաղամոլ գործչի ձեռքին: Որքան էլ ասեն, թե աշխարհի մյուս պետություններին իր կամքը թելադրել ձգտող ԱՄՆ-ի քաղաքականությունը նախագահի անձով պայմանավորված չէ, բոլոր դեպքերոմ դա ևս մեծ դեր է խաղում:

Թրամփի գործունեությունն էլ այժմ այնպիսի տպավորություն է թողնում, ասես նա տարվել է խաղով և ուզում է ամեն գնով հաղթել: