Կատալոնիան անկախանալու իր ձգտմանը պաշտոնական բնույթ է տվել

Իսպանիայում հասունանում է հակամարտության նոր օջախ, որտեղ արդեն փոխադարձ անհամաձայնությունը խոսքից թևակոխում է գործողությունների փուլ:

Իսպանիայի հյուսիսում գտնվող Կատալոնիայի ինքնավար մարզը` Բարսելոնա կենտրոնով, «երազում» է ինքնավարությունը փոխարինել իսկական անկախությամբ: Երեկ Կատալոնիայի խորհրդարանը հավանություն է տվել հանրաքվեի մասին օրենքին, որից հետո կառավարության ղեկավար Կառլես Պուչմեդոնը ստորագրել է օրենքը:  Իսկ օրենքը նախատեսում է Կատալոնիայի անկախության վերաբերյալ հանրաքվե անցկացնել հոկտեմբերի 1-ին:   

Կատալոնիայի ինքնավար մարզն ավելի քան 32 հազար քառ. կմ տարածք է զբաղեցնում: Այնտեղ  պաշտոնապես երեք լեզու է ընդունված` կատալոներեն, իսպաներեն, օքսիտաներեն: Ի դեպ, Վալ դ’Արան հովտում տարածված այս վերջին լեզուն ընդունված է անվանել նաև արաներեն: Ինչպես և սպասելի էր, Կատալոնիայի անկախության հանրաքվեն շատերն են անընդունելի համարում: Դրան դեմ են արտահայտվել նույն Կատալոնիայի օրենսդիր մարմնի ընդդիմությունը, Իսպանիայի կառավարությունը և առաջատար կուսակցությունները:

Իսպանիայի վարչապես Մարիանո Ռոխայը արդեն հայտարարել է, որ Կատալոնիայում ընդունված օրենքը վիճարկելու է Սահմանադրական դատարանում և խնդրել է, որ Պետխորհուրդը այդ փաստաթղթի վերաբերյալ իր եզրակացությունը տա:    
Կատալոնիան իր անկախության հարցը նոր չի բարձրացրել, և Իսպանիան էլ միշտ դրան դեմ է եղել, սակայն այս անգամ արդեն համառ կատալոնացիները նույնիսկ հանրաքվեի օր են նշանակել:

Ըստ էության, այժմ այդ անկախությանը դեմ  է ամբողջ Իսպանիան և կատալոնական ընդդիմությունը: Իսկ սա միայն մեկ բան է նշանակում` Իսպանիայում հասունանում է հակամարտության նոր օջախ, որտեղ արդեն փոխադարձ անհամաձայնությունը խոսքից թևակոխում է գործողությունների փուլ: Իսպանիայի իշխանությունը, իհարկե, կփորձի ամեն կերպ խոչընդոտել հոկտեմբերի 1-ի հանրաքվեն, իսկ դրա կայանալուց հետո կհայտարարի, որ արդյունքները չի ճանաչում: Հիմա կա՞ մի պետություն, որ առանց դիմադրության իր գծված սահմաններից մաս զոհաբերի:

Հոկտեմբերի 1-ին աշխարհը հավանաբար ավելի շատ հետաքրքրված կլինի Քրդստանի  անկախության հանրաքվեի հետևանքներով, և բոլոր կողմերից միայն Իսպանիայի հետ սահման ունեցեղ Կատալոնիայի հարցը կմնա դրա ստվերում: Արցախ ունեցող ազգի համար, սակայն, երկրագնդի ցանկացած կետում անկախության ձգտող վարչական միավորին առնչվող իրադարձությունները պետք է ուսումնասիրության, քննության, հետևություններ անելու առարկա դառնան:

Ի դեպ` Հայաստանի և Իսպանիայի միջև դիվանագիտական սառը հարաբերություններ են: Լրատվամիջոցները «բամբասում» են, թե Ապենինյան թերակղզու այս հինավուրց երկիրն ավել ջերմ հարաբերություններ է կառուցել Թուրքիայի և Ադրբեջանի հետ: