Հիմա էլ մակաբույծները՝ բնության Կարմիր գրքում

Ամերիկացի գիտնականների վերջին ուսումնասիրությունը կարող է ևս մի Կարմիր գիրք լրացնել: Նրանց ուսումնասիրություններից պարզվել է, որ եղանակային համընդհանուր տաքացումը կործանարար ազդեցություն կունենա մակաբույծների վրա: Նրանք «բարձրագոչ հայտարարություն են հրապարակել», թե 2070թ. մոլորակի մակաբույծների 70%-ը ոչնչացված կլինի:
 
Իսկ սա նշանակում է, որ վտանգված է ամբողջ բնահամակարգը:
Լուրը հաղորդող «Վեստին» հիշեցնում է, որ մակաբույծներն օրգանիզմների բազմատեսակ խումբ են, և նրանք իրենց կրողին (մարդ լինի թե որևէ կենդանի) օգտագործում են որպես սննդի աղբյուր և բնակության միջավայր: 
 
Աշխարհի յոթ երկրներից 17 գիտնական լծվել է խնդրի վերաբերյալ տվյալներ հավաքելու գործին: Տարիներ շարունակ ուսումնասիրվել են մակաբույծների 457 տեսակներ, ապա դիտարկվել է Երկրի եղանակային փոփոխությունների մի քանի սցենար՝  փորձելով ճշտել, թե դրանք ինչպես կանդրադառնան մակաբույծների վերարտադրության աշխարհագրական և կենսաբանական բնութագրիչների վրա: 
 
Ամենակործանարար սցենարի համաձայն՝ մինչև 2070թ. կոչնչնանա մակաբույծների 1/3-ը (33%), իսկ ամենալավատեսականով՝ միայն 10%- ը: Ամենաշատը վտանգված են տիզերն ու բլոճները: Իսկ ահա ոջիլների համար կարող են տարածման ավելի նպաստավոր պայմաններ ստեղծվել: Խնդիրն ուսումնասիրող գիտնականներից Կառլսոնը նշել է, որ եթե նույնիսկ համընդհանուր տաքացման երևույթները խիստ դանդաղեն, բնահամակարգի ծանր փոփոխություններից խուսափել հնարավոր չի լինի:
 
- Ինչ էլ լինի՝ առաջիկա 50 տարում մակաբույծները կանգնած են ոչնչացման մեծ վտանգի առջև: Նրանք նույնքան վտանգված են, որքան և կենդանիների ցանկացած այլ տեսակ,-ասել է գիտնականը:
 
Գիտնականների խումբը Կարմիր գրքի փոխարեն առայժմ «Կարմիր թերթիկ» է ստեղծել, բայց չի կարողացել պարզել, թե ինչպես է հնարավոր պահպանել այնտեղ ներկայացված տեսակներից յուրաքանչյուրի վերարտադրությունը: Ամերիկացի գիտնականներն իրենց աշխատանքի արդյունքները հրապարակել են «Գիտական առաջընթաց» («Science Advances») հանդեսում:
 
Թվում է՝ ի՞նչ վատ բան կա. չէ՞ որ մարդիկ ամեն օր պայքարում են մակաբույծների դեմ և ամեն գնով նրանց ոչնչացնում: Բայց չէ՞ որ սա ընդամենը մի օղակն է այն ամբողջ բնահամակարգի, որը, փաստորեն, անդառնալիորեն խախտվել է և միայն բացասական հետևանքներ է ունենալու: Եվ ստացվում է, որ ընդամենը 50 տարի անց մոլորակի վրա բնականոն կյանք ունենալու համար այսօր պետք է փայփայել նույնիսկ յուրաքանչյուր մակաբույծի: Միայն թե մինչև մարդկությունն այս գիտակցությանը կգա, անդառնալի կորուստները նրան կստիպեն հարմարվել առավել դաժան պայմանների: