Իսկ Փհենյանը պատերազմ ուզո՞ւմ է

Հյուսիսային Կորեայի միջուկային վարքը զսպելու նպատակով Միավորված ազգերի կազմակերպության սահմանած խիստ պատժամիջոցները երևում է՝ քիչ են թվում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին: Այդ մասին նա խոսել է Մալայզիայի վարչապետ Նաջիբ Աբդուլ Ռազակի հետ հանդիպումից հետո:
 
- Մենք համարում ենք, որ դա ուղղակի փոքրիկ մեկ քայլ է։ Ես չգիտեմ՝ այդ պատժամիջոցները ինչ-որ ազդեցություն կունենա՞ն, թե՞ ոչ, բայց 15 կողմ ձայն ստանալը շատ հաճելի էր։ Միայն թե այդ պատժամիջոցները ոչինչ են այն բանի համեմատ, ինչ ի վերջո պետք է տեղի ունենա։
 
Թե ինչ նկատի ունի Ամերիկայի նախագահը՝ թերևս շուտով պարզ կլինի: Իսկ ահա ՄԱԿ գերագույն ներկայացուցիչը, ով ազգանունից դատելով՝ ԿԺԴՀ սպառնալիքների թիրախ Ճապոնիայից է, ավելի հուսադրող խոսքեր է ասել: Զինաթափման հարցերով ՄԱԿ գերագույն ներկայացուցիչ Իձումի Նակամիցուն կարծիք է հայտնել, թե Հյուսիսային Կորեան չի ցանկանում միջուկային պատերազմ սկսել, ոչ էլ աշխարհն է փորձում գահընկեց անել այդ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընին: 
 
Ժնևում մամուլի ասուլիսի ժամանակ Նակամիցուն ասել է, թե իրավիճակը խաղաղ լիցքաթափելու հույս կա: Նա հայտնել է, որ ՄԱԿ ներկայացուցիչները բոլոր կողմերի հետ կապ են պահպանել և տեղեկացել են, որ ոչ մեկը, այդ թվում նաև Հյուսիսային Կորեան, ճգնաժամի ռազմական լուծումը հնարավոր չի համարում.
 
- Դա չափից դուրս աղետալի կլինի։ Ես կարծում եմ՝ մենք բոլորս լավ ենք հասկանում, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ ռազմական գործողությունների ծավալումը: Ահա թե ինչու ենք շարունակում ձեզ ասել, որ դա չի կարող  լուծում լինել։
 
ԱՄՆ պետքարտուղարության դիվանագետներից Սյուզան Տորնտոնն էլ հայտարարություն է տարածել, որտեղ իր երկրի կողմից պատրաստակամություն է հայտնել նոր պատժամիջոցների միջոցով խստացնել ճնշումները Ռուսաստանի և Չինաստանի դեմ՝ եթե նրանք աջակցեն Հյուսիսային Կորեային: 
 
Նկատենք, որ այս երկուսն էլ ԿԺԴՀ-ին սահմանակից պետություններ են. Այսինքն՝ տարածաշրջանը միջուկային արկածախնդրությունից զերծ պահելը նրանց անմիջական շահերից է բխում: 
 
Պատժամիջոցները, իհարկե, բոլոր տեսակի պատերազմներից գերադասելի են: Միայն թե դեռ հարց է՝ այս դեպքում դրանք ԿԺԴՀ-ին կզսպե՞ն, թե՞ միայն յուղ կավելացնեն կրակին: