Զինավաճառ Ռուսաստանն ու գնորդ Անկարան

ՍՐԱՆՑ ՇԱՀԵՐԸ ՀԻՄԱ ԷԼ ՀԱՄԸՆԿԱՆ

Ընդամենը 1-2 օր առաջ հանրության ամենատարբեր խմբեր հեգնանքով քննարկում էին Ռուսիո առաջնորդի հանդիմանական խրատը Միացյալ Նահանգներին, թե՝ «Հակամարտության գոտի զենքի մատակարարումները չեն նպաստում խաղաղությանը, այլ միայն վատթարացնում են իրավիճակը»։
 
Եվ առանց հայացքը խոնարհելու՝ սա ասում էր այն մարդը, ում ղեկավարած երկիրը տարիներ շարունակ մահաբեր զենքի խոշոր խմբաքանակներ է մատակարարել Արցախին մշտապես պատերազմով սպառնացող Ադրբեջանին: 
 
Ասում են, չէ՞՝ մեղավորն ավելի լավ գիտե, թե որտեղ են թաղված հանցանքի արմատները: Փորձառու մեղավորն ավելի լավ գիտի՝ ինչպես չքմեղանալ և ինչպես իրենից շեղել այլոց ուշադրությունը:
 
Այսօր Պուտինի բարեկամությամբ ցնծալով՝ Միացյալ Նահանգներին մի հանդիմանանք էլ Էրդողանն է հղել՝ թուք քաղաքապետերի հետ հանդիպման ժամանակ: Թուրք առաջնորդը քննադատել է Ամերիկայի արձագանքը՝ ուղղված Թուրքիային ռուսական С-400 ՀՕՊ համակարգեր մատակարարելու գործարքին (տեղեկացրել է Sputnik–ը)։
 
- С-400 մատակարարման վերաբերյալ մեր պայմանագիրը զայրույթ առաջացրեց ԱՄՆ-ի մոտ։ Իսկ ի՞նչ է, մենք պետք է ձե՞զ սպասեինք։ Մեր ազգային անվտանգության պահպանմանն ուղղված անհրաժեշտ միջոցների վերաբերյալ բոլոր որոշումները մենք ինքնուրույն ենք ընդունում և կշարունակենք ընդունել:
 
Խոսքը ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության մամուլի բաժնի երեկվա հաղորդման մասին է. Մոսկվան և Անկարան պայմանագիր են ստորագրել՝ Թուրքիային С-400 համակարգերի մատակարարման վերաբերյալ:
 
Ճիշտ էր ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, երբ ասում էր՝ 
 
- Ընկերությունը սրտից է գալիս, իսկ ինչ-որ մեկի դեմ ընկերություն անելն արդեն ընկերություն չէ:
 
Տեսնես իրականում ի՞նչ է ռուս- թուրքաադրբեջանական տանդեմը՝ սրտից բխա՞ծ ընկերություն, թե՞ ինչ-որ մեկի կամ ոմանց դեմ ուղղված ընդհանուր շահերի բավարարում: