Փհենյանի քաղաքականությունը փոխելու փնտրտուքներում

Միջազգային կառույցներն ու աշխարհի մեծ պետությունները ելքեր են որոնում, որպեսզի հնար գտենեն՝ զսպելու միջուկային զենքի տեր Հյուսիսային Կորեայի հետագա վտանգավոր գործողությունները:
 
Ինչպես հայտնի է, Փհենյանի նկատմամբ արդեն միջազգային պատժամիջոցներ են սահմանվել, իսկ դրա հետ առնչվող երկրներին կոչ է ուղղվել՝ խստորեն կատարել պայմանները: ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն էլ ափսոսանք է հայտնել, որ սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցներն անհրաժեշտ չափով կոշտ չեն:
 
Թիլերսոնին ավելի շատ մտահոգել է Հյուսիսային Կորեային նավթ մատակարարելու բեռնարգելքի խնդիրը: 
 
- Ակնհայտ է, որ  ՄԱԿ-ի կողմից նավթի վերաբերյալ ամբողջական բեռնարգելք մտցնելը բարդ հարց է։ Ըստ էության՝ դա ուղղված է միայն Չինաստանին, քանի որ Հյուսիսային Կորեայի գրեթե ամբողջ նավթը այդ երկիրն է մատակարարում,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնի հետ Լոնդոնում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
 
Որևէ երկրի նավթից ամբողջավին զրկելը, իհարկե, նշանակալի հարված է, ուստի Թիլերսոնը սկսել է Չինաստանին հորդորել, որ ինքնուրույն որոշում կայացնի և նավթի մատակարարման «հզոր գործիքն» օգտագործելով՝ Փհենյանին համոզի վերանայել «իր ներկայիս ուղին», ինչպես նաև երկխոսության և բանակցությունների վերաբերյալ իր մոտեցումները:   
 
Թե Չինաստանը սրան ինչպես կարձագանքի՝ դեռևս հայտնի չէ: Թերևս նման մեծ գործարքից հրաժարվելը բավական վնասաբեր կլինի և Չինաստանին մեծ երկընտրանքի առջև կկանգնեցնի: Բայց ահա Հյուսիսային Կորեայի մեկ այլ հարևան՝ Ճապոնիան, հույսը դրել է աշխարհի ներգործության վրա: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն է ասել, թե աշխարհի պետք է Հյուսիսային Կորեային հարկադրի փոխել իր քաղաքականությունը: Նա կոչ է արել խստորեն կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների վերաբերյալ: 
 
Ճապոնիայի վարչապետը վկայակոչել է տարածաշրջանի մեկ այլ խոշոր պետության՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին, ով նույնպես իր երկրի անունից վճռականություն է հատնել արժանի պատասխան տալ Փհենյանին:   
 
- Ես կցանկանայի աշխարհին դիմել վարչապետ Մոդիի հետ միասին։ Մեզ անհրաժեշտ է Հյուսիսային Կորեային ստիպել, որ իր քաղաքականությունը փոխի վերջերս ընդունված ՄԱԿ ԱԽ բանաձևի մանրակրկիտ իրականացման միջոցով։
 
Լրատվամիջոցներն արդեն տեղեկացրել են, որ պաշտոնական Փհենյանն այդ բանաձևն ամբողջովին մերժել է: Ելնելով մինչ այժմ Կիմ Չեն Ընի ղեկավարած երկրի անզիջում կեցվածքից՝ դժվար է երևակայել, թե այդ պատժամիջոցները դրական արդյունք կտան: Մնում է միայն զարմանալ Ճապոնիայի վարչապետի միամտության վրա, որը հույսը դրել է աշխարհի ներգործության վրա: 
 
Գուցե ճապոնական հեռուներից մեր տարծաշրջանը մշուշոտ է երևում, սակայն եթե «աշխարհը» աշխարհում կարգ հաստատելու ցանկություն ունենար, Եվրասիայի մեր հատվածում վաղուց խաղաղություն կտիրեր: