Երկու ահը մի մահ է

Եվրոպան ողողած ներգաղթյալները, անկասկած, մեծապես ազդել են տեղացիների կյանքի պայմանների ու միջավայրի վրա: Տարբեր կազմակերպություններ էլ պարբերաբար հարցումներ են իրականացնում, որպեսզի պարզեն, թե իրենց երկրում հայտնված օտարերկրացիների նկատմամբ հասարակություններում ինչ տրամադրություններ են իշխում:
 
«Ֆրանս պրեսը» առանձնացրել է «Իփսոս» սոցիոլոգիական ծառայության անցկացրած հարցման այն տվյալները, որոնք Ֆրանսիային են վերաբերում: 
Ֆրանսիայի քաղաքացիների գրեթե կեսը՝ 46%-ը, կողմ է, որ երկրի սահմանները փակվեն ներգաղթյալների առջև: Սոցհարցման մեջ նշված չէ, բայց թերևս չի կարելի անտեսել, որ այսօր Ֆրանսիայի քաղաքացի են նաև բազմաթիվ նախկին ներգաղթյալներ: Այնպես որ՝ այսպիսի տվյալները լիովին չեն արտահայտում եվրոպական այս հինավուրց երկրի իրական շահերը  ներկայացնողների տրամադրվածությունը: 
 
- Ֆրանսիան այն երկրների թվում է, որոնք ներգաղթյալներ ընդունելուն ավելի բացասաբար են վերաբերվում,-հարցման արդյունքները մեկնաբանել է «Իփսոս»-ի ներկայացուցիչ Իվ Բարդոնը:
 
Ֆրանսիացիների 61%-ն այն կարծիքին է, որ իրենց երկիր գալիս են հիմնականում աշխատանքային միգրանտները: Այդուհանդերձ, 75%-ը մտավախություն ունի, թե փախստականների հետ կարող են Ֆրանսիա ներթափանցել նաև ահաբեկիչներ: Հիշենք՝ վերջերս հարց էր բարձրացվել՝ ԵՄ բոլոր երկրներում հավասարեցնելու ներգաղթյալներին տրվող վճարները, որպեսզի փախստականներն անընդհատ տեղից տեղ չտեղափոխվեն, այլ մի երկրում հաստատվեն: Բնականաբար՝ շատերին Ֆրանսիան է ձգում նաև նպաստի բարձր չափով: 
 
Հրապարակված տվյալներում ամենախոսունը, թերևս, ահաբեկիչների ներթափանցումից զգուշացողների թիվն է՝ հարցվածների 75%-ը: Ինչպես չզգուշանան, եթե գրեթե ամեն օր են նրանց մասին հիշեցնող իրադարձություններ կատարվում: Հենց երեկ՝ կիրակի, Փարիզի Շառլ դը Գոլի անվան օդանավակայանում Ֆրանսիայի ոստիկանությունը տարհանել է «Բրիթիշ էյըրուեյս» ավիաընկերության ուղևորներին: Իրավապահներն անվտանգության նկատառումներով սկսել են ստուգել Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայան ուղևորվող BA303 չվերթի ինքնաթիռի ուղևորների պայուսակները: («Ռոյթերս» գործակայությունն է տեղեկացնում:)
 
Նույն օրը Թուրքիայի անվտանգության ուժերը Ստամբուլում հակաահաբեկչական գործողություն են իրականացրել և ձերբակալել 74 կասկածյալի: Նրանց բոլորին կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի համար, և նրանցից 73-ը օտարերկրացի է («Անադոլու»-ի փոխանցմամբ): Թուրքիայի իշխանությունները բոլոր 73-ին հանձնել են միգրացիոն ծառայություններին, որպեսզի երկրից նրանց արտաքսեն:
 
Կասկած չկա, որ եթե Թուրքիայի իշխանությունները չկարողանան կամ չցանկանան անհերքելի ապացույցներ գտնել, որ այդ մարդիկ ԻՊ-ի ահաբեկչական գործողություններին մասնակից են, նրանց հետ կուղարկեն իրենց մշտական բնակության կամ որևէ կարգավիճակի (օրինակ՝ փախստականի) երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիա: 
 
Այսօր ահաբեկիչներին դուրս են մղում Մերձավոր Արևելքում զավթած տարածքներից, և նրանք փորձում են թաքնվել,  հնարավորինս ապահով քողարկվել, որպեսզի հետագայում շարունակեն մարդկանց ահաբեկել: Ֆրանսիան ու մյուս երկրները կարողանալո՞ւ են, արդյոք, նրանց ժամանակին բացահայտել ու վնասազերծել, թե՞ բավարարվելու են միայն ինքնաթիռների ուղևորներին տարհանելով: Ու կարևոր չէ՝ ինքնաթիռում կամ ուղեբեռների մեջ ռումբեր կգտնվե՞ն, թե՞ ոչ: Մեր օրերի համար բնորոշ է նաև ահաբեկել՝ սոսկ ահաբեկչության պատրանք ստեղծելով: Այսինքն՝ սուտ հաղորդում տալով:
 
Հայկական ասացվածքն էլ ազդարարում է՝ երկու ահը մի մահ է: