Ստացվում է, որ պատերազմն անխուսափելի է

ՄԵԿ ՇԱԲԱԹ` ՄԻՆՉԵՎ ՔՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ

Գալիք երկուշաբթի՝ սեպտեմբերի 25-ին, Իրաքի Քրդստանի անկախության հանրաքվե կասեցնելու վերաբերյալ որոշում է հրապարակել Իրաքի Գերագույն դատարանը: Դատարանի մամուլի ծառայությունը երեկ հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է.

 - Դատարանը որոշում է հրապարակել Քրդստան տարածաշրջանի նախագահի հրամանագրով 2017թ. սեպտեմբերի 25-ին նշանակված հանրաքվեի անցկացումը կասեցնելու մասին՝ մինչև այդ որոշման սահմանադրականության վերաբերյալ որոշման ընդունումը:

Մինչ այդ Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել էր, որ Իրաքից որևէ տարածքի կամ նահանգի անջատումը հակասահմանադրական է: Անցած շաբաթ էլ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և ՄԱԿ ներկայացուցիչները Իրաքյան Քրդստանի առաջնորդ Մասուդ Բարզանիի հետ կայացած հանդիպման ժամանակ հորդորել են հետաձգել անկախության հանրաքվեն:

Բարզանին, սակայն, անսասան է: Նա հայտարել է, թե հանրաքվեի օրը անփոփոխ կմնա:

Հիշեցնենք, որ օրերս Իրաքի Քրդստանի առաջնորդը հայտարարել էր, թե այդ հանրաքվեին խանգարելու փորձերը կարող են արյունալի պատերազմի պատճառ դառնալ:  Մինչդեռ, Իրաքից բացի, դրան դեմ են նաև մյուս սահմանակից պետությունները՝ Սիրիան, Թուրքիան, Իրանը: Պատահական չէ, որ հանրաքվեից ուղիղ մեկ շաբաթ առաջ Թուրքիայի զինված ուժերը Իրաքի սահմանին զորավարժություններ են սկսել: diken.com.tr կայքի փոխանցմամբ՝ դա նախ և առաջ Իրաքի հյուսիսում հակաահաբեկչական գործողության համար լայնածավալ գործողության նախապատրաստություն է:

Բնականաբար, դա կարող է սոսկ պատրվակ լինել: Մանավանդ՝ նշված լրատվամիջոցն էլ չի մոռացել շեշտել, որ Քրդստանի հանրաքվեի վերաբերյալ Անկարան քրդերին բազմիցս զգուշացումներ է հղել: Ու նաև հիշենք, որ մի քանի օր առաջ պաշտոնական Անկարան ուղղակի հայտարարեց, թե Իրաքի Քրդստանի անկախությունը հակասում է Թուրքիայի ազգային անվտանգության շահերին: 

Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կարո՞ղ է ի հայտ գալ այնպիսի հզոր գործոն, որը կչեզոքացնի տարածաշրջանում նոր պատերազմի արհավիրքը: Առայժմ նման հեռանկար չի նշմարվում:

Իրականությունն այն է, որ հանրաքվեի կայանալու դեպքում պատերազմի պատրաստ են մի քանի պետություններ, չկայանալու դեպքում՝ այդ պետություններում հոծ բազմությամբ բնակեցված քրդական  զանգվածները: