Ահաբեկիչների հնագիտական ավարը

Գտածոների վաճառքով զբաղվողները մեծ գումարների դիմաց երևի սեփական հոգին էլ վաճառքի կհանեն: Մենք մեկ ողբում ենք, թե աղքատ պետություն ենք, մեկ էլ պարծենում, թե աշխարհի բոլոր հայերը միասին ֆինանսական մեծ միջոցների տեր են: Իսկ գուցե արժե՞, որ մերոնք նույնպես փորձեն այդ գտածոներից ձեռք բերել՝ ոչ թե Սիրիայի ու մյուս երկրների թալանին նպաստելով, այլ ճշմարտությունը հաստատելու համար դրանց գոյությունն արձանագրելով:
 
Իսլամիստ ահաբեկիչների գործունեությունը ոչ միայն մարդկության այսօրն է խաթարել, այլև անասելի փոքրացրել է պատմական անցյալի մութ էջերը բացահայտելու հնարավորությունները: 
 
Սիրիացի հնագետները ահազանգում են՝ ավազակային խմբավորումները թալանել են Սիրիայի հարավի հին հուշարձանները: Գիտնականները շտապել են օգտվել երկրի հարավային շրջաններում ռազմական գործողություններից զերծ գոտիների ստեղծման փաստից և սկսել են ուսումնասիրել հին հուշարձաններին հասցված վնասի չափը:
 
Հնագետների խումբը առաջին հերթին գործունեություն է ծավալել Սիրիայի հարավի այն վայրերում, որտեղ պատերազմից առաջ պեղումներ են իրականացվել: Դերաա նահանգի հնությունների և թանգարանների վարչության նախագահ Մուհամեդ Նասրուլան հրապարակել է ստացված արդյունքների գնահատականը.
 
- Նրանցից ստացված տեղեկությունները, ավաղ, անմխիթարական են: Այն վայրերը, որտեղից թանգարանները արժեքավոր գտածոներ, խճանկարներ, արձաններ էին ստանում, բազմիցս թալանվել են։ Դեռևս միայն կորուստներն ենք գնահատում, բայց արդեն կարող ենք ասել, որ հնագիտական պեղումների վայրերի 80%-ը տուժել է այդ հանցավոր գործողություններից։
 
Հնագիտական գտածոների մաքսանենգությամբ դրամ վաստակելու մարմաջով տարված ահաբեկիչները և նրանց աջակիցները բարբարոսաբար են վարվել մշակութային արժեքների հետ՝ շատ դեպքերում դրանք հողի տակից դուրս հանելով շինարարական տեխնիկայի միջոցով: Նասրուլան նաև նշել է, որ Սիրիայի կառավարությունը օգտվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2347 բանաձևից (ահաբեկիչների կողմից մշակութային ժառանգության առարկաների ոչնչացման մասին) և գողացված գտածոների նկարագրությամբ տեղեկություններ է տրամադրել Ինտերպոլին:  
 
«Ավանգարդն» արդեն անդրադարձել է այն փաստին, որ ահաբեկիչների թալանած հնագիտական նյութերն ու գտածոները ամենից հաճախ հայտնվում են Թուրքիայի «սև շուկայում»: Բնական է՝ դրանցից շատերը Թուրքիայում չեն մնում, այլ հանգրվանում են աշխարհի տարբեր երկրների թանգարաններում, որոնց ղեկավարները չեն քաշվում մաքսանենգ ճանապարհով հարստացնել իրենց գիտական ֆոնդերը: Չէ՞ որ դրանք զբոսաշրջիկների եկամտաբեր հոսք կապահովեն: Բայց ամենակարևորը՝ կարող են հնարավորություն տալ, որ հետազոտող գիտնականները իրենց ցանկացած մեկնաբանությամբ վերափոխեն մարդկության պատմությունը: Իսկ որ պատմության կեղծարարությունը արդի շատ պետությունների գոյության հիմքում է դրված՝ ակնհայտ է:
 
Հսկա տարածքը, որտեղ երկար ժամանակ տերուտնօրեն են եղել ահաբեկիչները, համարվում է մոլորակի արդի քաղաքակրթության ստեղծման ու տարածման բնօրրանի կարևոր հատվածը: Այնտեղ «անթեղված» ապացույցները ոչնչացնելը այժմ տարածաշրջանում ապրող որոշ ազգուցեղերի կարող է թույլ տալ, որ իրենց հայտարարեն տարածաշրջանի բնիկներն ու արարողները՝ պատմության էջերից դուրս մղելով մշակույթի իրական ստեղծողներին: 
 
Հազարամյակներ շարունակ հայերը նույնպես այդ վայրերում քաղաքակրթության ու մշակույթի անջնջելի հետքեր են թողել, թողել են արմենոիդ մարդաբանական տեսակի կնիքը: Ու Թուրքիան շատ վաղուցվանից է փորձում այդ հետքերը ջնջել, իսկ հիմա դրա համար մեծ հնարավորություն է ստացել: