Ադրբեջանի նոր կորուստներն ու ֆոտոշարքերը

ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ ՀԻՄԱ ԷԼ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐՆ ԵՆ

Մինչ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովին Ադրբեջանի նախագահական ընտանիքը՝ հայր Իլհամը, մայր Մեհրիբանն ու դուստր Լեյլան աշխարհի պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների համապատկերին իր համար ֆոտոշարքեր էին կազմակերպում, այդ երկրից տխուր լուրեր տարածվեցին: 
 
Ադրբեջանական «Կոնտակտ» կայքը փոխանցել է այդ երկրի Հարկային նախարարության հաղորդագրությունը, ըստ որի՝ արտասահմանյան վեց ընկերություններ հայտարարել են այնտեղ ունեցած իրենց մասնաճյուղերն ու դուստր ընկերությունները լուծարելու մասին:  
 
Հաղորդվում են Ադրբեջանից հեռացող ընկերությունների անունները` «Obermeyer Project Management GmbH», «Heidelberg Cement AG», «Tech Offshore Marine Azerbaijan», «Tech Electrics and Automation Azerbaijan», «Compass Offices Management Azerbaijan Limited» և «Compass Delelopment Holdings VII Limited»: 
 
Թեև այս ընկերությունների ադրբեջանական մասնաճյուղերի փակման պատճառները չեն հրապարակվել, սակայն դժվար չէ ենթադրել, որ դրանց եվրոպացի տերերը անհանգստաված են «ադրբեջանական լվացքատան» կեղտաջրերում հայտնվելու հեռանկարից: 
 
Իսկ ահա Ադրբեջանի ԱԳՆ-ն իր «կեղտաջրերի» համար նոր թիրախ է գտել: Նրա ատելության կիզակետում հայտնվել են այս օրերին Արցախ այցելած ամերիկացի կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեն և Թուլսի Գաբարդը: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության պետ Հիքմեթ Հաջիևը սպառնացել է, թե իրենք ստուգումներ են իրականացնում, որպեսզի նրանց նկատմամբ համապատասխան քայլեր ձեռնարկեն։ Ըստ երևույթին իրեն շատ մեծ բան երևակայելով՝ վերոհիշյալ Հաջիևը ԱՄՆ կոնգրեսականների հասցեիրն արտահայտվել է «վերոհիշյալ անձինք, ովքեր ԱՄՆ Կոնգրեսի անդամներ են ներկայացել» բառերով:  
 
Կոնգրեսականները, բնականաբար, ոչ մի կասկած չեն ունեցել, որ Ադրբեջանի պարսավանքին են արժանանալու: Այդուհանդերձ, դա նրանց չի խանգարել «առանց Ադրբեջանի իշխանությունների թույլտվության» հայոց Արցախ մուտք գործել և կարևոր հայտարարություններ անել: 
 
Երևում է՝ միջազգային դահլիճներում լուսանկարվելու հնարավորությունն ու նավթադոլարներով ծախու գործընկերներ ճարելը մեր հարևան երկրի իշխանություններին այնքան է արբեցրել, որ իրենց աշխարհի տերն են զգում, ԱՄՆ Կոնգրեսին էլ փորձում ծաղրել: Իսկ հեռացող ընկերություններից հասնող վնասի չափերը դեռևս չեն գիտակցում: Կամ, ավելի ճիշտ՝ մտածում են, թե քանի որ աշխարհում ամեն ինչ կարելի է գնել ու վաճառել, նոր գործընկերներ ձեռք բերելն ընդամենը ժամանակի հարց է: