Ադրբեջանին որտեղի՞ց չեխական զենք

Որ Թուրքիայի և Ադրբեջանի վերջին համատեղ զորավարժությունների ժամանակ չեխական արտադրության «Դանա» հրետնային համակարգ է կիրառվել, հայտնել են ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ («Թրենդ», «Ազերնյուզ» և այլն):
 
Ադրբեջանական զինանոցի համալրման այս նոր աղբյուրով հետաքրքրված՝ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը դիմել է Չեխայի արտգործնախարարությանը, որպեսզի զենքի վաճառքի վերաբերյալ պարզաբանում ստանա:  
 
Չեխիայի ԱԳՆ-ից պատասխանել են, որ Չեխիայի Հանրապետությունը վերջին տարիներին ընդհանրապես Ադրբեջանին «մահաբեր զինատեսակների» վաճառք չի արտոնել: Ավելին, 2016թ. և 2017թ. մերժվել են Dana M1 տեսակի հաուբիցներ և RM 70 տեսակի հրթիռային համակարգեր գնելու հայտերը, ինչի մասին պատկան խողովակներով տեղեկացվել են նաև Չեխիայի գործընկերները Եվրամիությունում:
 
Այնուհետև Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի գերատեսչությունը ընդգծել է, որ իրենք սատարում են խնդրի խաղաղ կարգավորումը, որը կհիմնվի փոխզիջման սկզբունքի վրա և կհամապատասխանի միջազգային իրավունքին: Նշել են նաև, որ Չեխիան շարունակում է սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա երեք համանախագահների ջանքերը:
 
Չի բացառվում, որ Ադրբեջանական լրատվամիջոցներն ուղղակի գլուխ են գովել՝ ցանկանալով նաև չեխական զենք ունենալու առավելությամբ հայկական կողմին վախի մատնել ու նաև հիասթափեցնել Չեխիայից: Չէ՞ որ պատերազմող կողմերի համար ապատեղեկատվությունը հաղթանակի հասնելու շատ կարևոր միջոց է:
 
Բայց քանի որ տեղեկությունը տարածել է նաև ռուսական «Военное обозрение» պարբերականը, ավելի հավանական է, որ Ադրբեջանը հերթական անգամ գործի է դրել իր «լվացքատան» հնարավորությունները և չեխական որոշ պաշտոնյաների մղել՝ պատերազմական հանցագործ դառնալ: Որովհետև եթե որևէ պետություն պաշտոնական խողովակներով զենք է վաճառում Ադրբեջանի նման պատերազմասեր երկրին, դա ընդամենը առևտրային գործարք է: Արվածը հանցագործություն է համարվում միայն այն դեպքում, երբ նրան զենք տրամադրողները ապօրինի գործարքների մեջ են մտել:
 
Փաստորեն Չեխիան պաշտոնապես ժխտել է, որ Ադրբեջանին զենք է վաճառել:
 
Հիմա մնում է պարզել, թե չեխական զենքն ինչպե՞ս է Ադրբեջանի զինանոցում հայտնվել ու մեղավորներին պատժել: Այստեղ է, որ սայլը տեղից շարժողը չի երևում: Բայց եթե միջազգային կառույցների համար միևնույն է, թե հայերի վրա ի՞նչ ճանապարհով ձեռք բերված զենքով են Ադրբեջանից կրակում, ապա մենք անտարբեր մնալու իրավունք չունենք: Իսկ եթե այնքան համառ լինենք, որ աշխարհին ստիպենք տեսչական ստուգումներով քննել մեր ոսոխի զինանոցի յուրաքանչյուր զինատեսակն ու պարզել դրա ձեռքբերման աղբյուրները, որքա՞ն կեղտոտ գործարքներ ու կաշառակեր պաշտոնյաներ կբացահայտվեն: Դրանից մենք էլ կշահենք, աշխարհն էլ գոնե աննշան չափով կմաքրվի ու անվտանգ կդառնա: