Եթե քրդերն «այո» ասեն, ո՞ր երկիրն առաջինը կճանաչի

Թեև Բարզանին հայտարարել էր, թե անկախացած Քրդստանում պետական հինգ լեզու է լինելու՝ ներառյալ հայերենը, պարզվել է, որ տպագրված քվեաթերթիկներում հայերենը բացակայում է: Իշխանությունները դա վրիպակ են համարել… Իսկ նման «վրիպակների» պատճառներն ու հետևանքները հասկանալու համար մեծ խորագիտություն պետք չէ:
 
Իրաքի Քրդստանի անկախության հանրաքվեի նախօրեին՝ սեպտեմբերի 24-ին, դրա դեմ որոշակի քայլեր է ձեռնարկել Իրանը: Նախ և առաջ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը դադարեցրել է ավիահաղորդակցությունը Քրդստանի հետ: 
 
- Իրաքի կենտրոնական կառավարության խնդրանքով դադարեցվել են Իրանից բոլոր թռիչքները դեպի Սուլեյմանիայի և Էրբիլի օդանավակայաններ, ինչպես նաև մեր երկրի օդային տարածքով դեպի քրդական տարածաշրջան իրականացվող չվերթները,-հայտնել է խորհրդի մամլո քարտուղար Քիվան Խոսրավին։
 
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ նույն օրը լայնածավալ զորավարժություններ է սկսել Իրաքի հյուսիսում՝ Քրդստանի ինքնավար մարզի հետ սահմանին: Հաղորդվում է, որ զորավարժությունները կրում են «Մուհարամ» կոդային անվանումը: Մինչ այս՝ Իրանը բազմիցս դեմ է արտահայտվել քրդական հանրաքվեին, որի նպատակը անկախ պետություն ստեղծելն է: 
 
Որքան էլ հանրաքվեին տարածաշրջանի տարբեր երկրներ դեմ են, և մոլորակի շատ պետություններ էլ կարծիք են հայտնել, թե այն չպետք է կայանա կամ  գոնե պետք է հետաձգվի, Քրդստանի իշխանությյուններն անդրդվելի մնացին և երեկվանից արդեն սկսել են առցանց քվեարկությունը՝ արտասահմանում բնակվող Իրաքի քաղաքացիների համար, ովքեր Իրաքի Քրդստանի կամ «Քրդստանի սահմաններից դուրս գտնվող քրդական շրջանների» ռեզիդենտի կարգավիճակ ունեն: Ի դեպ, այն բանից հետո, երբ Բարզանին հայտարարել էր, թե անկախացած Քրդստանում պետական հինգ լեզու է լինելու՝ ներառյալ հայերենը, պարզվել է, որ տպագրված քվեաթերթիկներում հայերենը բացակայում է: Իշխանությունները դա վրիպակ են համարել…
 
Հանրաքվեի արդյունքները ամփոփելուց հետո, եթե պատասխանը «այո» լինի, օրինաչափ հարց կառաջանա՝ ճանաչե՞լ քրդերի անկախությունը, թե՞ ոչ: «Ավանգարդն» արդեն անդրադարձել է, որ Իսրայելը կողմ է իր հարևանությամբ Քրդական պետության գոյությանը: Կասկած չկա, որ նա այն անմիջապես կճանաչի և մյուսների կոչ կանի նույն կերպ վարվել: Ու չի բացառվում, որ մի շարք երկրներ նրա օրինակին կհետևեն: 
 
Աշխարհում քանի՞ ազգ ու ժողովուրդ հազարամյա բնօրրանում չի կարողանում անկախ պետություն ունենալու իր իրավունքը ճանաչել տալ, իսկ ահա Կոսովոյում անկախություն տվեցին այնտեղ ներխուժած ցեղերի հետնորդներին: Քաղաքական շահարկումների շնորհիվ, հնարավոր է՝ անկախություն կստանան նաև մինչև օրս քոչվոր քրդերը: Իսկ նույն աշխարհը լուռումունջ դիտում է, թե հայոց հինավուրց Արցախի անկախությունը ինչպես է զոհաբերվում Ադրբեջան նորահայտ պետության ֆաշիստական նկրտումներին: Բայց գուցե լավն էլ դա է:
 
Չէ՞ որ դժվար է Արցախը Հայաստանից անկախ պատկերացնելը: Աշխարհն ուղղակի ցանկանում է, որ որդի Արցախը մայր Հայաստանի գիրկը վերադառնա, դրա համար զարտուղի  ճանապարհ է ընտրել…