Եթե Հիտլերը ատոմային զենք ունենար…

ՀԻՄԱ ՔԻ՞Չ ԵՆ ՀԻՏԼԵՐՆԵՐԸ

Գերմանիայում մի միջադեպ է տեղի ունեցել, որը մարդկանց հիմք է տվել եզրակացնելու, թե գտնվել է Երրորդ ռեյխի գաղտնի կենտրոնի հետքը, որտեղ ժամանակին ատոմային զենք ստանալու փորձեր են արվել: 
 
Երկրի հյուսիս-արևելքում՝ Օրիանբուրգի մերձակայքում, սիրողական մետաղորսիչով գանձեր որոնող Բեռնդ Թալմանը ռադիոակտիվ մետաղի մի մեծ կտոր է գտել: «Ինդեփեդենթը» հաղորդել է, որ 64-ամյա Թալմանին գրավել է մետաղի անսովոր ձայնային ազդանշանը: Գտածը նա իր տուն է տարել, ապա իշխանություններին տեղեկացրել: Ոստիկանները նախ տարհանել են Թալմանի հարևաններին, իսկ ռադիոակտիվ նյութը մասնագետները հատուկ արկղերով տարել են՝ ուսումնասիրելու: Թալմանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, իսկ նա առայժմ հրաժարվում է հայտնել, թե մետաղը որ հատվածից է գտել:
 
Երկրորդ աշխարհամարտի տարիներից գրեթե յոթ տասնամյակ անց էլ դեռևս այսուայնտեղ թաքնված ականներ են պայթում, որից տուժում են դրանց մասին միայն աղոտ պատկերացում ունեցող մարդիկ, երեխաներ: Հիմա էլ հերթը ռադիոակտիվ մնացորդներին հասավ: Ով իմանա՝ տասնամյակներ շարունակ նման մնացորդներն իրենց մահաբեր ճառագայթները չե՞ն սփռում բանից անտեղյակ մարդկանց վրա: Դե, իսկ գերմանացի հետազոտողներին իրոք աշխատանքների լայն դաշտ է բաժին հասել՝ գտնել ռադիոակտիվ մետաղի տեղը, պարզել ծագումը, գուցե նաև՝ բացահայտել ատոմային զենքի պատմության մի ամբողջ գաղտնարան: 
 
Իհարկե, աշխարհը ժամանակին ազատ շունչ քաշեց, երբ հասկացավ, որ եթե նման հզոր զինատասակ Երրորդ ռեյխի զինանոցում ավելի վաղ հայտնվեր, մոլորակի վրա հիմա առավել ողբերգական  կարգ ու իրավիճակ կտիրեր: Միայն թե այսօր ատոմը չէ ամենահզոր զենքը, իսկ հիտլերյան Գերմանիայի նման հավակնություններ ունեցող պետությունների պակաս չկա: Պարզապես նրանց գործելակերպն է սրբագրվել և առավել զգուշավոր դարձել: 
 
Մարդկային անչափելի կորուստներից զատ՝ Համաշխարհային երկրորդ պատերազմն աշխարհին մի մեծ չարիք նույնպես տվեց. պատերազմող կողմերը բուռն թափով սկսեցին կործանարար զինատեսակներ ստեղծել, որն ի վերջո հանգեցրեց ատոմային զենքի տարածմանը: Ճիշտ է՝ դա նաև տեխնիկայի այլ բնագավառների հսկայական առաջընթաց ապահովեց, մոլորակի վրա տիեզերական դարաշրջանի սկիզբը դրեց, բայց այսօր տեսնում ենք, որ մարդկության գլխին կախված վտանգը անգերազանցելի չափերի է հասել:
 
Պատերազմում պարտված Գերմանիան թեև երկար ժամանակով մրցակցությունից հետ մղվեց, բայց կասկած չկա, որ աշխարհամարտի տարիներին նրա տիրապետության տակ գտնվող հսկայական տարածքներում ամեն տեսակի գիտափորձեր են արվել ու զինագործարաններ աշխատել: Արդեն մեր օրերում տեսակետներ են հնչում, թե ֆաշիստական Գերմանիայի դեմ երկրորդ ճակատը բացած դաշնակիցների զորքերից ամերիկացիները բացահայտել են գերմանական ատոմային զինափորձարանները և այնտեղ աշխատող գիտնականների ու մյուս մասնագետների հետ ավարտին հասցրել ատոմային զենքի ստեղծումը: Հնարավոր է՝ արդեն ԱՄՆ տարածքում: 
 
Պարտված Գերմանիային խոցելու անհրաժեշտություն արդեն չկար, դրա համար էլ ԱՄՆ-ը իր ռազմական հզորությունը ցուցադրեց նրա դաշնակից Ճապոնիայի նկատմամբ, և մարդկությունն առաջին անգամ իմացավ, թե ինչ ասել է ատոմային ռումբի պայթյուն: Ու այդ օրվանից սկսվեց միջուկային մրցավազքը: