Անօդաչու թռչող տաքսի և ռոբոտ ատամնաբույժ

ԻՍԿ ՀԵՏՈ՞

Բնակավայրերի համար մեծագույն բարդություններ ստեղծող ավտոմեքենաների խնդրին լուծում են գտել Դուբայում: Այնտեղ սկսել են փորձարկել «Վոլոկոպտեր» անունն ստացած օդային տաքսին՝ նախատեսված երկու ուղևորի համար: Փորձարկումները թերևս հինգ տարի կտևեն: 
 
«Տեխինսայդերը» տեղեկացրել է, որ այդպիսի օդատաքսի կարելի է կանչել սմարթֆոնի հավելվածի օգնությամբ՝ նշելով հարկավոր ուղղությունը, և 9 մարտկոցների էներգիայով աշխատող անօդաչուն ուղևորներին այնտեղ կհասցնի: Չվերթի տևողությունը կարող է 30 րոպեի հասնել: Դուբայում սա համարում են ապագայի հիմական ուղևորափոխադրողը:
 
Պակաս կարևոր չէ Չինաստանում արված փորձը: Սիան քաղաքում ռոբոտ ատամնաբույժն ինքնուրույն վիրահատություն է կատարել՝ արհեստական ատամներ տեղադրելով հիվանդի բերանում: Մեկ ժամ տևած վիրահատությունը բժիշկները միայն կողքից հետևել են և արձանագրել, որ շեղումը կազմել է 0,2-0,3 մմ: Ընդ որում ատամները եռաչափ տպիչով են ստացվել: «hightech.fm» կայքը հայտնել է, որ ռոբոտը ստեղծվել է 4 տարում, իսկ դրա հեղինակը հույս ունի, որ այն հնարավություն կտա բարեհաջող լուծել Չինաստանի հիվանդանոցներում առկա բուժանձնակազմի պակասի խնդիրը։
 
Սարքերը, գուցեև ավելի ճշգրիտ ու որակյալ ծառայություններ մատուցեն: Սակայն երբ վրա կհասնի այն ժամանակաշրջանը, որ մարդը բարձրակարգ ծառայություններ կստանա՝ օրերով ու ամիսներով մարդու երես չտեսնելով, արդյոք չի՞ ցանկանա գրողի ծոցն ուղարկել բոլոր սարքերը, որպեսզի մարդաշատ փողոցներով երկար քայլելով՝ հասնի սովորական ատամնաբուժարան և լսի մարդկային կարեկից մի ձայն՝ ինչո՞վ կարող եմ օգտկար լինել: Ու ինչքան լավ կլինի, որ այդ ժամանակ դեռևս հնարավոր լինի վերահսկել ինքնուրույն սարքերի գործողությունները…