Ի՞նչ է թաքնված քարտեզային բանավեճերի հետևում

Ճապոնիան «քարտեզային բանավեճի» մեջ է ոչ միայն իրեն միջուկային մարտագլխիկներով սպառնացող Հյուսիսային Կորեայի, այլև վերջինիս հակառակորդ Հարավային Կորեայի հետ:
 
Ասել կուզի՝ կորեական հանրապետություններից ոչ մեկը չի ցանկանում իրեն ճապոնական անուններով շրջապատված տեսնել: Եվ միամտություն կլինի կարծել, թե քարտեզի անունների համար բանավեճը միայն թղթի վրա է: Բնականաբար, դրա հետևում իրական տարածքների համար պայքարն է թաքնված:
 
Երկրի կառավարությանը շատ է մտահոգել քարտեզը, որը տեղադրված է 2018թ. Փհենյանում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեի կայքում: Այնտեղ հրապարակված աշխարհի քարտեզում Ճապոնական կղզիները պատկերված չեն եղել: Ճապոնական կողմը պահանջել է անհապաղ ուղղել սխալը: 
 
Տոկիոյում այսօր հրավիրված մամուլի ասուլիսում, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին խոսել է Ճապոնիայի կառավարության ղեկավար Յոսիհիդե Սուգան:  
 
- Ինչպես համոզվեցինք՝ այդ քարտեզում Ճապոնական կղզիները նշված չեն եղել: Այսօր մենք դա մատնանշել ենք Տոկիոյում Կորեայի Հանրապետության դեսպանատանը և մտադիր ենք իրավիճակը ուշադրության կենտրոնում պահել:
 
Ռուսական լրատվամիջոցը այնուհետև հայտնում է, որ այդ քարտեզի վրա Ճապոնական կղզիների պատկերն արդեն հայտնվել է:
 
Սակայն սա դեռ ամենը չէ: Ճապոնիայի կառավարությանը այդ քարտեզում տեղ գտած այլ բաներ էլ են անհնագստացնում: Այնտեղ տուրք է տրվել պաշտոնական Սեուլի դիրքորոշմանը, և Ճապոնական ծովը նշվել է որպես Արևելյան ծով: Մամուլի ասուլիսի ժամանակ Յոսիհիդե Սուգան այս մասին էլ է խոսել՝ ընդգծելով, որ դա անընդունելի է, և իրենք բողոքում ու պահանջում են ուղղել:
 
Իսկ Սեուլը պնդում է, թե «Ճապոնական ծով» անվանումը միջազգային հանրությանը արհեստականորեն է պարտադրվել, մինչդեռ «Արևելյան ծով» անունը քարտեզների վրա շատ ավելի վաղ ժամանակներից է առկա:
Քարտեզակռիվը մեզ ծանոթ երևույթ է. մեր հարևան Ադրբեջանն էլ ժամանակ առ ժամանակ քարտեզային կռիվներ է սկսում, բոլոր քարտեզագիրներին պարտադրում Արցախը Ադրբեջանի կազմում նկարել, իսկ ազատագրված տարածքները ՀՀ-ի հետ պատկերելը նրան ուղղակի կատաղության է հասցնում: Մի քանի տարի առաջ նույնիսկ հասել էր նրան, որ գորգերի վաճառքի վերաբերյալ մի կայք քարտեզ էր հրապարակել, որտեղ Հայաստանի անմբողջ տարածքի վրա տարածվում էր Ադրբեջան անունը: Երևի հիմա նայում են այդ քարտեզին ու փառավորվում…  
 
Դե, սրանք էլ տարբեր նկարներով են հիանում ու ինքնախաբեությամբ ինքնաբավարարում՝ ճաշակի հարց է: Անհանգստացնողն այն է, որ նման ուղեղներում արծարծվում, ուռճանում, գործողությունների է վերածվում նկարն իրականություն դարձնելու մարմաջը: