Բնակավայրի ու հայրենիքի տարբերությունը

Քրդերը հոծ զանգվածներով բնակվում են Իրաքում, Իրանում, Սիրիայում, Թուրքիայում: Ի դեպ, նրանց հաշվարկներով` նաև Հայաստանում: Երեկ հայկական ռադիոալիքներից մեկը մի անհավատալի թիվ նշեց` աշխարհի քրդերը հավատացնում են, թե ՀՀ-ում երկու միլիոն քուրդ է բնակվում, և դա նրանց հիմք է տալիս հավակնելու նաև Հայաստանի տարածքին:

Փաստորեն ինքներս էլ չիմանալով` համարյա բոլորս քուրդ ենք…

Ռադիոալիքն իր ունկնդիրների համար պարզաբանեց, որ իրականում մեր պետությունում երկու հազար քուրդ է բնակվում: Բայց եթե հաշվի առնենք, որ իրենց մարդաբանական տիպով քրդերը հայերից չեն տարբերվում, գուցե կարելի է մտածել` նրանք որոշել են մեզ «լավություն» անել ու իրենց նորաստեղծ հսկա պետության գիրկն առնել:

Սա մի կատակ է, բայց` իրոք չափազանց դառնահամ է:
Սակայն կա նաև մեկ այլ բացատրություն: Հնարավոր է` Հայաստան ասելով` նրանք նկատի ունեն մեր հայրենիքի արևմտյան հատվածը, որն այժմ Թուրքիայի վերահսկողության տակ է և որտեղ իրոք քրդական միլիոնանոց համայնք է հաստատվել…

Իրաքի Քրդստանի անկախության հանրաքվեից բխող հետևանքների համար կարևոր են նաև այնտեղից դուրս եղած քրդաբնակ բնակավայրերում տիրող տրամադրությունները: Թուրքական «Գազետադուվար» կայքը քրդաշատ Դիարբեքիրում (որի անունը Տիգրանակերտի աղավաղված տարբերակն է) հետևել է այնտեղի քրդերի տրամադրություններին:

Եվ այսպես` Թուրքիայի հարավ-արևելքում ապրող և մեծամասնություն կազմող քրդերը սեպտեմբերի 25-ի հանրաքվեի արդյունքներից ուրախացել են, սակայն չեն կարողացել շուքով նշել, քանի որ թուրքական ոստիկանությունը խստորեն հետևում է նրանց քայլերին: Թուրքիայի քրդերը, ճիշտ է, նույնպես այս հանրաքվեն  խորհրդանշական են գնահատում և հուզվում, սակայն չեն շտապում Իրաքի Քրդստանը բոլոր քրդերի հիմնական հայրենիքը համարել:

Դիարբեքիրցի քուրդ երիտասարդը լրագրողին պատմել է, որ իրենց պատկերացմամբ՝ «Մեծ Քրդստանը» բաժանված է չորս մասի՝ Իրաքի, Սիրիայի, Իրանի և Թուրքիայի, իսկ հանրաքվեն ընդամենը անկախության առաջին լուրջ քայլն է:

Այն քրդերը, ովքեր ընդամենը հարյուր տարի առաջ հավատակից թուրքերի կամոք սոսկ դահիճ էին և հանուն թալանի ու թուրքին հաճոյանալու` սպանում էին իրենց ցեղակից հայերին, այսօր ազգային ինքնագիտակցության զարթոնք են ապրում: Այսօր դահճի դերը նրանց քիչ է թվում և հնագույն քաղաքակրթությունների տարածաշրջանի ամենահամեղ պատառներին են հավակնում: Դա համարում են իրենց անկապտելի իրավունքը: Իսկ անցյալում խաղացած կամակատար դահճի դերը նրանց չի էլ հուզում: Չէ՞ որ դրա շնորհիվ Թուրքիայի քարտեզին մնացին իրենց զոհերի հայրենիքի հսկայական հատվածները, ու այսօր իրենք կարող են դա յուրացնել: Թուրքից խլել այնպես, ինչպես նրանք են հայերից խլել:
Քոչվոր լինելը, իհարկե, դատավճիռ չէ, քրդերի մեջ էլ անշուշտ կրթված մարդիկ կան: Գուցե նրա′նք փորձեն համեմտության մեթոդը գործի դնելով` պատկերացնել, թե վա՞ղն ով է իրենցից խլելու այդ նոր «հայրենիքը»:

«Հայրենիք» բառի արժեքն այսօր այնքան է ընկել, որ եթե մի հանրություն հարյուր տարի ապրում է որևէ տարածքում, երևակայում է, թե իր համար հայրենիք է գտել: Իսկական հայրենիքը գտնովի բան չէ: Դա հազարամյակներով շնչավորված հողն է` նրանից բխող կենսատու հոսանքներով, որը փառավորում է այն շենացնողի միտքն ու հոգին: Քուրդն ու թուրքը հայոց հողի վրա միայն ապրել կարող են, սակայն վայելել և հոգով ու մտքով զորանալ` հազիվ թե:

Միայն թե այդ կեղծ հայրենիքից նրանց զերծ պահելու համար մենք նույնպես պետք է քայլեր ձեռնարկենք, սակայն նման բան առայժմ չի նշմարվում: