Իրանը պատրանքներ չունի, բայց թող ուրիշներն էլ չունենան

Թե′ Իրանը, թե′ Սաուդյան Արաբիան մերձավորարևելյան տարածաշրջանի կարևոր «խաղացողներից» են, և պետք է դա գիտակցեն ու դրա հետ հաշվի նստեն: Այս մասին այսօր Նյու Յորքում խոսել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Բոլորը գիտեն, որ այս երկու մահմեդական երկրները թշնամաբար են տրամադրված միմյանց նկատմամբ: Նրանցից առաջինը իսլամի շիիաական ուղղությանն է դավանում, երկրորդը` սուննիական, իսկ արդի աշխարհում այդ երկու ուղղություների միջև անհաշտելի անդունդ է բացվել:

Չմոռանանք նաև, որ ԱՄՆ-ը ամեն գնով փորձում է ճնշել ու թուլացնել Իրանին, մինչդեռ Սաուդյան Արաբիայի հետ սրտակից բարեկամություն է անում` բնավ հաշվի  չառնելով, որ այնտեղ բացառված է իր պաշտած ժողովրդավարությունը:

Տարածաշրջանում այժմ հակամարտության նոր օջախ է բացվել` քրդական հանրաքվեն  իրողություն է, քրդերն էլ արդեն անթաքույց խոսում են Իրաքի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի քրդաբնակ շրջաններն իրենց համար հայրենիք դարձնելու և անկախացող Քրդստանին միացնելու վճռականության մասին: Իրանի արտգործնախարարին մտահոգողը տարածաշրջանի անվտանգությությունն է, հանուն որի նա պատրաստ է համագործակցել դրանով մտահոգ բոլոր կողմերի հետ:
 

- Մենք պատրանքներ չունենք, թե հնարավոր է տարածաշրջանից բացառել Սաուդյան Արաբիան: Մենք  համարում ենք, որ Սաուդյան Արաբիան տարածաշրջանում չափազանց կարևոր խաղացող է, որին պետք է հարգել,- «ՌԻա նովոստիի» փոխանցմամբ` իր ելույթում ասել է Զարիֆը:

Իրանի արտգործնախարարը Էր-Ռիյադին խորհուրդ է տվել նույնպես հրաժարվել այն պատրանքներից, թե Իրանին տարածաշրջանից բացառելը հնարավոր բան է:

Հիշենք, որ Էր-Ռիյադի բարեկամ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը մի քանի օր առաջ էր Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից հանոզում-պարտադրում, որ մասնակից երկրները հրաժարվեն Իրանի հետ կնքած միջուկային համաձայնագրից և վերստին խստացնեն պատժամիջոցները:

- Մենք ակնկալում ենք` Սաուդյան Արաբիան նույնպես կընդունի, որ մենք տարածաշրջանում կարևոր խաղացող ենք: Մենք պետք է միասին աշխատենք հանուն այս տարածաշրջանի անվտանգության, և մենք դրան պատրաստ ենք,- ընդգծել է Զարիֆը:

Թե սրան ինչ կպատասխանի Սաուդյան Արաբիան` դժվար է պատկերացնել: Շատ է խոսվում, որ նա գաղտնի աջակցում է ԻՊ-ի ահաբեկիչներին, որոնք շիաներին նույնպիսի թշնամի են համարում` ինչպեսին քրիստոնյաներին: Միայն թե քրդական հարցն այնպիսի պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծում, որ կարող է ռազմական գործողությունների քաոսի վերածել ամբողջ  տարածաշրջանը` չխնայելով նաև այնտեղ գտնվող արաբական բազմաթիվ պետություններին: