Քրդական պետությունը՝ երկրորդ Իսրայե՞լ

Երկրորդ աշխարհամարտը քաոսի ու ավերածությունների վերածեց աշխարհի հիմնականում եվրոպական հատվածը: Հենց այդ պատերազմն էլ ծնունդ տվեց մի նոր պետության՝ Իսրայելին, որը հետագա տասնամյակներում քաոսի էր վերածելու Մերձավոր Արևելքի իսլամադավան երկրների կյանքը: Իսլամադավանների, որովհետև տվյալ տարածաշրջանում բոլորն են այդպիսին: 
 
Այս օրերին էլ մարդկությունն ականատես է լինում նույն տարածաշրջանում մեկ այլ պետության՝ Քրդստանի ծնունդին, ինչը շրջապատի բոլոր պետություններն ապօրինի են համարում, բացի հենց Իսրայելից: (Պատահականությու՞ն է արդյոք, որ նույն Իսրայելը բարեկամական ջերմ հարաբերություններ ունի մեկ այլ նորաստեղծ պետության՝ Ադրբեջանի հետ):
 
Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին ասել է, թե մահմեդական երկրները թույլ չեն տա, որ տարածաշրջանում «երկրորդ Իսրայել» առաջանա:
 
«Սպուտնիկի» թուրքական ծառայությունն է փոխանցել այաթոլահ Ալի Խամենեի խորհդականի խոսքը, որտեղ նա շեշտել է նաև Թուրքիայի անունը: 
 
- Իրաքի ժողովուրդը, Թուրքիան, Իրանը և տարածաշրջանի մյուս երկրները սա անպատասխան չեն թողնի և կընդդիմանան այս նողկալի երևույթին,- ասել է Վելայաթին:
 
Նա քրդական հանրաքվեն որակել է «զավթողական շարժում», նաև տեղեկացրել է, որ Իրանն առանց հապաղելու Իրաքի Քրդստանի հետ սահմանին հրթիռներ է տեղակայել: Հիշեցնենք, որ հանրաքվեի օրը Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը այնտեղ լայնածաված զորավարծություն էր սկսել: 
 
«Ավանգարդն» արդեն անդրադարձել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի կոչին՝ ուղղված Սաուդյան Արաբիային:
 
Տարածաշրջանում քրդական գործոնից առաջացած սպառնալիքը չեզոքացնելու, «երկրորդ Իսրայելի» առաջացումը կանխելու և տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու նպատակով Իրանը պատրաստ է համագործակցել անգամ իր երկարամյա թշնամու հետ: 
Արդեն որոշ երկրներ դադարեցրել են Իրաքի Քրդստանի քաղաքների հետ օդային կապը, նրան սպառնում են պատժամիջոցներով, զենքով, շրջափակումով, սակայն Բարզանին ու նրա հետևորդներն անդրդվելի են, իսկ տարածաշրջանի միլիոնավոր քրդերը՝ ոգևորված: 
 
Այս իրավիճակում միայն հավասարակշռված, համակարգված գործելակերպը կարող է կանխել արյունալի պատերազմների շղթան, նոր ցեղասպանթյունները, նոր կորուստները: Իրանը կարծես թե հենց դրան է ձգտում: