Խմբագրական` «նվիրված» Ալիևին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բռնապետական «փորձին» է անդրադարձել ամերիկյան «Վաշինգտոն փոստ»-ի խմբագրականը:

Ըստ լրատվամիջոցի` Ալիևն այնքան է հմտացել խեղաթյուրված գործիքակազմ կիրառելու գործում, որ կարող է բռնապետության վերաբերյալ սեմինարներ վարել։ Սա երևի պետք է հասկանալ` վարպետության դասեր տալ մյուս պետություններին, որովհետև սրան հետևում է համոզմունքը, թե այդ դասընթացները, ցավոք, ունկնդրի պակաս չէին ունենա: 

- Մենք գիտենք, որ շատ բռնապետներ միմյանց հետ բռնատիրական եղանակների փորձի փոխանակում են իրականացնում, փակում են  օտար երկրներից ֆինանսավորվող  ոչ կառավարական կազմակերպությունները, նախազգուշացնում են, թե պետության ամեն անկյունում «օտարերկրյա գործակալներ» են պտտվում, խեղդում են ազատ խոսքը առցանց տիրույթում,-հիշեցնում է պարբերականը:

Խմբագրականում շեշտը դրվել է լրագրող Աֆղան Մուխթարլիին Վրաստանի տարածքից աևանգելու և բռնությամբ Ադրբեջանում պահելու իրողության վրա: Որոշ մանրամասներ ներկայացնելով` երևույթը որակվել է «խորշելի դեպք»: Ապա ասվում է, որ լավ կլիներ` շատ երկրներ դատապարտեին Ալիևի այսպիսի հնարքները` հիասթափություն հայտնելով սեփական երկրի անհամարժեք արձագանքից: ԱՄՆ պետքարտուղարությունը սոսկ կարճ հաղորդագրությամբ մտահոգություն է հայտնել «առևանգման դեպքի առնչությամբ», ինչը լրատվամիջոցը երկչոտություն է համարել և նշել.

- Ալիևը կարող է նման երկչոտությունը ընդունել այսպես. ԱՄՆ-ը` նախագահ Թրամփի ղեկավարությամբ, չի մտահոգվում, երբ այլ պետություններում ոտնահարվում են մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը:

«Վաշինգտոն փոստ»-ը նաև Վրաստանին է կոչ արել` հստակ դիրքորոշում ցուցաբերել։ Երևի ամերիկացիներին զարմացրել է, որ Վրաստանի իշխանություններն այդպիսի անտարբերությամբ են ընդունել փաստը, որ հարևան երկրի իշխանություններն իրենց բանի տեղ չեն դրել: Բայց եթե հաշվի առնենք, թե այս օրերին ինչպես են Վրաստանի իշխանությունները Ջավախքում բռնություններ գործադրում խաչքար տեղադրել փորձող հայերի նկատմամբ` կարող ենք համոզված լինել, որ այդ «բանի տես չդնելու» գինը բռնապետության դասն է եղել անձամբ Ալիևից:

Ալիևյան բռնապետության մեկ այլ «դաս» էլ հիանալի վարպետությամբ վարում է Ադրբեջանի սրտակից բարեկամ Իսպանիան: Կատալոնիայում տեղի ունեցող հանրաքվեին իսպանական ոստիկանության բռնի միջամտությունը խոսում է այն մասին, որ «Վաշինգտոն փոստը» նշանակետին է խփել, երբ խոսել է Իլհամ Ալիևի բռնապետական «դպրոցի» մասին:

«Ավանգարդը» արդեն նշել է, որ «ադրբեջանական լվացքատան» գործունեությամբ Ադրբեջան նորաստեղծ պետությունը աշխարհը «հարստացրեց» միջազգային կառույցներում ու տարբեր երկրներում կաշառքով հարցեր լուծելու «մշակույթով»: Այժմ էլ «Վաշինգտոն փոստն» է արձանագրում` Ադրբեջանի նախագահ Ալիևը աշխարհի համար բռնապետի «օրինակելի» նմուշ է, ցանկացողները կարող են նրանից սովորել:

Իսկ լրատվամիջոցի պահանջը, թե աշխարհը պետք է դատապարտի նման «նողկալի հնարքները», հնչում է անչափ ուշ, բայց հուսանք` ոչ անդառնալիորեն ուշացած: