ԵՄ-ն առանց Թուրքիայի կկործանվի՞

Եվրամիություն-Թուրքիա երկարամյա բանակցություններից «ձանձրացած» և Պուտինի հետ երկժամյա զրույցից հետո Էրդողանը որոշել է Եվրոպային իր տեղը ցույց տալ:

Հոկտեմբերի 1-ին նա հայտարարել է, թե իր երկիրն այլևս ԵՄ-ին անդամակցելու կարիքը չունի: Իսկ եթե դրանից ինչ-որ մեկը կորուստներ է ունենալու, ապա միայն` Եվրամիությունը:

- Հանձնվողը մենք չենք լինի: Ճիշտն ասած, մենք Եվրամիության անդամակցության կարիքն այլևս չունենք… Եթե Եվրամիությունը առաջ շարժվելու ցանկություն ունի, ապա դրա համար միայն մեկ ճանապարհ կա` անդամ դարձնել Թուրքիային և գործողություններ ձեռնարկել՝ ուղղված մշակութային ու տնտեսական աճին,- Էրդողանի խոսքերը փոխանցել է DW.com-ը:

Այս խոսքերից թերևս կարելի է եզրակացնել, որ Էրդողանի պատկերացրածով` Եվրամիության ապագան համատարած թրքացումն է: Իսկ եթե Եվրամիությունը այդպիսի նվերից օգտվել չի ցանկանում, առաջ շարժվելու ոչ մի հեռանկար չունի: Այն, որ Եվրամիությունը իրոք չի արդարացրել ստեղծողների և անդամ պետությունների հույսերը, պարզ է: Նույն ուղղությամբ գնալու պարագայում այն կարծես թե իսկապես հեռանկար չունի: Իսկ Էրդողանի ցույց տված ճանապարհը պարզապես ամենասովորական նենգասպառնալիք է` շանտաժ…

Իր բռնատիրական անցյալով ու դրանից հրաժարվելու անկարող ներկայով Եվրամիություն խցկվել փորձող Թուրքիան այս էլ որերորդ անգամ սպառնում է, թե ինքը նրանից կհրաժարվի: Այժմ դրա պատրվակներից մեկն այն է, թե ահաբեկչության դեմ պայքարում ԵՄ-ն «Անկարայի հույսերը չի արդարացրել»: Դուրս է գալիս, որ ահաբեկչության դեմ հաջողությամբ պայքարողն էլ Թուրիքան է: Երևի դրա ցուցանիշ է համարվում վերջին տարիներին բանտերը կալանավորներով համալրելը: Այդ գործում Անկարային հաստատ հասնող չի լինի. ումից ցանկանում են ազատվել, անունը ահաբեկիչ կամ խռովարար են դնում և փակի տակ առնում:

Էրդողանը սպառնում է, իհարկե, սակայն Եվրամիությանն իր նման հիանալի երկրից զրկել չի ցանկանում: Դրա համար էլ հայտարարել է, որ իր ղեկավարած պետությունը բանակցություններից առաջինը դուրս չի գա: Այստեղ են ասել` չեմ ուզում, բայց գրապնս դիր: