Վտանգավոր հակամարտությունը շարունակվում է

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ

Անկանխատեսելի է, թե ինչ հանգուցալուծում կունենան Հյուսիսային Կորեա-ԱՄՆ` միջուկային երկու տերությունների փոխադարձ սպառնալիքներն ու ռազմական քայլերը: Երկուսի առաջնորդներն էլ այնպիսի կեցվածք են ընդունել` ասես սեփական «ես»-ը հաստատելու համար չեն խնայի մարդկության ապագան անգամ:

Ընդհանրապես ընդունված է, որ պատերազմները կանխելու լավագույն միջոցը բանակցություններն են: Իսկ դրա համար բանակցող կողմերը պետք է պատրաստ լինեն իրար լսել, այլապես ոչինչ չի ստացվի: Հայ-ադրբեջանական երկարամյա «բանակցությունների» փորձը` մեզ օրինակ: Երևում է` ԱՄՆ-ում ընդունել են, որ պաշտոնական Փհենյանի հետ բանակցություններին նույն ճակատագիրն է սպառնում. Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսը հայտարարել է («gazeta.ru»-ի փոխանցմամբ), թե քաղաքական հարցերի վերաբերյալ ԿԺԴՀ-ի հետ բանակցելու ոչինչ չունեն: 
 

- Միակ թեման, որը մենք նրանց հետ քննարկելու ենք` ձերբակալված ամերիկացիների ազատարձակումն է։ Դրանից բացի որևէ բանակցություն չի լինելու,-ասել է Սանդերսը:
Դրանից առաջ էլ ԱՄՆ նախագահ Թրամփն էր Փհենյանի հետ բանակցությունները ժամանակի կորուստ համարել և պետքարտուղար Թիլերսոնին կոչ արել` խնայել ուժերը:

Իսկ ահա օրեր առաջ Փհենյանից տեղեկատվություն է տարածվել, թե իրենց միջուկային հարվածներից որ երկրները չպետք է վախենան: ԿԺԴՀ արտգործնախարար Լի Են Հոն ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստի ժամանակ հայտարարել է, թե իրենք մտադիր չեն միջուկային զենք կիրառել այն երկրների նկատմամբ, որոնք ներգրավված չեն ԱՄՆ-ի ռազմական գործունեության ոլորտում: Լի Են Հոն հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատասխանատու  երկիր է:

Տվյալ պարագայում, թերևս, միջուկային պատերազմի արհավիրքից մոլորակը փրկել կարող է միայն պատասխանատու լինելու գիտակցությունը: Պատասխանատու` ոչ միայն մերկապարանոց խոսքերով ու սեփական երկրների շահերն ամեն գնով առաջ մղելով, այլև մարդկության ընդհանուր տունը մի ամբողջականություն դիտելու և պաշտպանելու ջանքերով: