Պատժախցերն էլ կարող են զբոսաշրջիկներին գայթակղել

«ԻՌԼԱՆԴԱԿԱՆ ԱԼԿԱՏՐԱՍ»-Ը` ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

Փաստ է, որ զբոսաշրջությունը բավական եկամտաբեր բիզնես է: Ու հետաքրքիր է` հայաստանյան կալանավայրերում զբոսաշրջիկները դիտարժան ոչինչ չե՞ն գտնի:

Բայց եկամտաբերության նախապայմանը տվյալ երկրի համբավն է, ապա` այցելուներին ցուցադրվելիք վայրերի եզակիությունը: Ու մինչ մենք Հայաստանը զբոսաշրջիկների համար գրավիչ դարձնող նոր այցելավայրեր ենք ընդգրկում այդ ցանկում` պատմական հուշարձանների հետ մեկտեղ, World Travel Awards մրցույթը Եվրոպայում լավագույնն է հռչակել  իռլանդական Սպայկ կղզում պահպանվող նախկին բանտը:

Մրցույթի ընթացքում «Իռլանդական Ալկատրաս» անվանվող բանտը գերազանցել է այնպիսի զբոսաշրջային այնպիսի հսկաների, ինչպիսիք են Հռոմեական կոլիզեյը, Փարիզի Էյֆելյան աշտարակը և Լոնդոնի Բուքինգհեմյան պալատը (տեղեկացրել է Daily Mail- ը):

Իսկ ինչո՞ւ  «Իռլանդական Ալկատրաս»: Կալիֆոռնիայի հայտնի Ալկատրաս կղզու բանտում պահվում էին առավել վտանգավոր հանցագործները: Այն գործեց մինչև 1963 թ., և համարվում էր միակ դաշնային բանտը, որտեղ բանտարկյալները լոգանք էին ընդունում տաք ջրով։ Բայց դրա պատճառն ամենևին էլ մարդասիրական չէր. բանտի ադմինիստրացիան որոշել էր, որ հարմարավետությանը սովորած բանտարկյալները ավելի քիչ են հակված փախուստի, այն էլ` Սան Ֆրանցիսկոյի ծոցի սառը ջրերով։

Ալկատրաս բանտը հայտնի է նաև այլ առումով: Դրա զբաղեցրած տարածքնԱմերիկայի ամենամիստիկ վայրերից է, որտեղ պարբերաբար ուրվականներ են տեսնում: Վերջին անգամ նման դեպքի մասին խոսվել է 3 տարի առաջ, երբ բրիտանացի զբոսաշրջիկն իր հեռախոսով լուսանկարել էր պոլտերգեյսթին:

Դառնանք իռլանդական զբոսաշրջային նորաթուխ հաղթողին: Սկզբում VIII դարում կառուցված շենքերի այս համալիրը ծառայել է որպես վանք: XVIII դարում շենքերում տեղակայվել է ռազմական կայազոր, իսկ  XIX դարի կեսերին դրանք հարմարեցվել են հանցագործների պահպանման համար: Ի դեպ` այն հանցագործների, որոնց նախատեսվում էր տեղափոխել Ավստրալիա:

Կալանավայրը, որտեղ միաժամանակ կարող էր տեղավորվել մինչև 2300 բանտարկյալ, գործել է մինչև 2004 թվականը:

2016 թվականին բանտային համալիրը վերակառուցվել  է և դարձել զբոսաշրջային ներգրավվածության տեսարժան վայր: Սովորական էքսկուրսիայից բացի, այցելուներին այստեղ հնարավորություն է տրվում գիշերել առանձնակի վտանգավոր բանտարկյալների համար նախատեսված մենախցերում:

Տեսնես հայաստանյան կալանավայրերում զբոսաշրջիկները դիտարժան ոչինչ չե՞ն գտնի: