Իսկ Քրդստանը դեռևս անկախություն չի հռչակել…

ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԱՋԱԿԻՑՆԵՐ ԵՆ ՀԱՐԿԱՎՈՐ

Մինչ աշխարհը քննարկում է՝ օրինակա՞ն, թե՞ անօրինական էր Իրաքի Քրդստանում անցկացված անկախության հանրաքվեն, այնտեղ արդեն նախապատրաստվում են խորհրդարան և նախագահ ընտրել նոյեմբերի 1-ին: Միայն թե դրանք բնավ էլ անկախ պետության կառավարման բաղադրիչներ չեն լինելու. նախատեսվում է այդ քվեարկությամբ ընտրել միայն ինքնավար շրջանի նախագահ ու խորհրդարան: 
 
Ուշագրավ է, որ հանրաքվեում 92% դրական արդյունք գրանցած Քրդստանը դեռևս իր անկախության մասին չի հայտարարել: Հայ վերլուծաբաններից Սերգեյ Շաքարյանցն ասուլիսում դրա պատճառը համարեց այն, որ քրդական ինքնավարության ղեկավար Բարզանիի իրական հովանավորները դեռևս այդպիսի հրաման չեն տվել: Ի դեպ, Շաքարյանցը նաև կասկած հայտնեց հանրաքվեի 92%-անոց արդյունքների իսկության վերաբերյալ: 
 
Չնայած այս հանգամանքին՝ Իրաքը և հարևան երկրները շարունակում են դեմ արտահայտվել քրդական անկախ պետություն ստեղծելու հեռանկարին, իսկ ամենից շատ զգուշանում են իրենց տարածքներում բնակվող քրդական միլիոնանոց զանգվածների հետագա գործունեությունից: Այսպես, Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին ԱՄՆ-ին քննադատել է  Սիրիայի քուրդ զինյալներին զենք տրամադրելու համար ու նշել, որ եթե զենքի մատակարարումը չդադարեցվի, Անկարան միայն զգուշացումներ հնչեցնելով չի սահմանափակվի:
 
Թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականն է անդրադարձել Ջանիքլիի քննադատությանը, որտեղ Թուրքիայի ՊՆ ղեկավարը տարակուսանք է հայտնում, թե ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակում քրդերին  զենք տրամադրելն ի՞նչ արդարացում կարող է ունենալ՝ երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վտանգը նվազել է, իսկ Սիրիայում խիստ պակասել են նրանց զբաղեցրած տարածքները:
 
- Լավ, իսկ ինչո՞ւ եք դեռևս շարունակում նրանց զենք ուղարկել: Մենք գիտենք և տեսնում ենք, որ այդ զենքը վաղ թե ուշ ուղղվելու է Թուրքիայի դեմ,- ասել է Ջանիքլին:
 
Այս տեսանկյունից ուշագրավ է նաև թուրքական մեկ այլ լրատվամիջոցի հրապարակումը: Թուրք սյունակագիր Զեյնեփ Գյուրջանլըն «Սյոզջու» պարբերականում անդրադարձել է Քրդստանի հանրաքվեից հետո Էրդողան-Պուտին հանդիպմանը: Այսպես, ՌԴ նախագահի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ Էրդողանը հայտարարել է, թե Սիրիայում և Իրաքում առկա հիմնախնդիրների հարցում ինքն ու Պուտինը լիովին համակարծիք են, մինչդեռ Պուտինը խուսափել է խոսել այդ մասին և վկայակոչել է ՌԴ արտգործնախարարության տարածած հաղորդագրությունը: 
 
Թուրք սյունակագիրն այդ հաղորդագրությունից մեջբերել է հետևյալ նախադասությունը. «ՌԴ-ն հարգում է անկախություն ունենալու քրդերի ցանկությունը»: Ապա եզրակացրել է՝ Էրդողանը, ով արդեն հայտարարել է, թե Իրաքի Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիի հարցում սխալվել է, շուտով նույնը կասի նաև Պուտինի մասին: 
 
Թուրքիային, ակնհայտ է, աջակիցներ են հարկավոր, որպեսզի կարողանա կանխել Քրդական պետության տարածումն իր ներկայիս տարածքների հաշվին: Սակայն ո՛չ ՆԱՏՕ-ական դաշնակից ու բարեկամ ԱՄՆ-ը, ո՛չ էլ հակառակ կողմում գտնվող, բայց իր հետ բարեկամության ձգտող Ռուսաստանը, կարծես, մտադիր չեն քրդական խաղաթուղթը Թուրքիայի օգտին կիրառել: