Սիրիան ՄԱԿ-ի ԱԽ-ից պահանջում է

ՄԱԿ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՀՈՒՆՉ ՉԷ

Սիրիայի արտգործնախարարությունը նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ պահանջելով արևմտյան կոալիցիային պարտավորեցնել, որ դադարեցնի հանցագործությունները Սիրիայում: Պաշտոնական Դամասկոսի «համբերության բաժակը» լցվել է՝ երբ հոկտեմբերի 3-ին, սիրիական լրատվամիջոցների հաղորդումների համաձայն, Ռաքքա քաղաքում հակաահաբեկչական կոալիցիայի հասցրած հարվածների հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել: 
 
«Սանա» գործակալությունը այդ նամակից մեջբերել է հետևյալ հատվածը.
 
- Սիրիան ամենավճռական կերպով դատապարտում է հանցանքները, որոնք Սիրիայի քաղաքացիների նկատմամբ գործում են այսպես կոչված միջազգային կոալիցիան և ահաբեկչական խմբավորումները: Սիրիան ՄԱԿ-ի ԱԽ-ից պահանջում է կատարել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունն ապահովելու իր պարտավորությունները  և վերջ տալ Սիրիայի ժողովրդի հանդեպ միջազգային կոալիցիայի հանցագործություններին: Ինչպես նաև՝ երկրներին պարտավորեցնել կատարել ահաբեկչությանը հակադարձելու վերաբերյալ Խորհրդի բանաձևը:
 
Սիրիական ԶԼՄ-ները հաղորդել են, որ ռմբակոծության հետևանքով 50-ից ավելի մարդ է զոհվել, մեծ մասամբ՝ կանայք ու երեխաներ: Նշվել է, որ ռմբահարվել են քաղաքի բնակելի թաղամասերը, մի քանի արկ էլ դպրոցի շենքի մերձակայքում է պայթել: 
 
Ռաքքա քաղաքի բնակիչների համար կոալիցիայի այդ ուժերը Լաս-Վեգասի «հերոսից» շա՞տ են տարբերվում: Այս օրերին Միացյալ Նահանգները սգում է տասնյակ անմեղ զոհերի ու հարյուրավոր վիրավորվածների, դեպքի ականատեսների հոգեկան ցնցումի համար, ամբողջ աշխարհը ցավակցում ու զորակցություն է հայտնում:  Իսկ Ռաքքայի զոհված, վիրավորված, ահաբեկված, տունուտեղից զրկված բնակիչների համար ո՞վ է պատասխան տալու: Չմոռանանք՝ միջազգային հակաահաբեկչական կոալիցիան նույն ԱՄՆ-ն է գլխավորում: 
 
Դժվար է երևակայել, թե Սիրիայի դիմումին ՄԱԿ-ի ԱԽ-ն անհրաժեշտ չափով կարձագանքի ու քայլեր կձեռնարկի: Իր գոյության ընթացքում այդ կառույցը երեևի հազարավոր նման նամակներ է ստացել ու իր արխիվները հարստացրել: Եվ հատկանշական է, որ հենց նույն օրը ՄԱԿ-ի բարեփոխման անհրաժեշտության մասին խոսել է ՌԴ նախագահ Պուտինը:   
 
- Ռուսաստանը հավատարիմ է ՄԱԿ արդյունավետության բարձրացմանը։ Պաշտպանում ենք դրա բարեփոխման և այսօրվա պահանջներին հարմարեցնելու նպատակահարմարությունը,- 20 երկրների դեսպաններին հավատարմագրեր հանձնելու արարողության ժամանակ ասել է Պուտինը ու ընդգծել, որ ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի՝ դրա բոլոր մասնակիցների կարծիքը հաշվի առնելով։
 
Թե հատկապես ինչ բրեփոխումներ է նկատի ունեցել Պուտինը՝ չի մանրամասնվում, սակայն երևի աշխարհում արդեն բոլորն են նկատում, որ ՄԱԿ-ի արդի գործունեությունը համահունչ չէ խաղաղ ու անվտանգ մոլորակ ունենալու վերաբերյալ մարդկության իղձերին: