Թրամփը Նաթանյահուին խաղաղության խոչընդո՞տ է համարել

ԱՄՆ-ում հրաժարվել են մեկնաբանել այն փաստը, որ նախագահ Թրամփը Իսրայելի վարչապետ Նաթանյահուի մասին խոսել է որպես խաղաղությունը խոչընդոտողի: Թրամփի ասածների մասին տեղեկություն է հրապարակել «Հաարեց» պարբերականը, ըստ որի` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանում ԱՄՆ-ի նախագահը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ զրուցելիս ասել է, թե Բենյամին Նաթանյահուն Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու գործում շատ ավելի մեծ խոչընդոտ է, քան Պաղեստինի պետության նախագահ Մահմուդ Ասադը:
 

Թրամփը, ըստ այդ հրապարակման, բողոքել է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը կարգավորելու գործում Իսրայելի վարչապետի ոչ կառուցողական դիրքորոշումից: Ընդ որում, նա իբր հայտարարել է, թե տարածաշրջանում խաղաղության հասնելու ճանապարհին Նաթանյահուի գործողություններն ավելի մեծ խնդիրներ են ստեղծում, քան Աբասի ձեռնարկած քայլերը (փոխանցել է ՏԱՍՍ-ը) : 

Երբ ԱՄՆ նախագահի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերտին լրագրողները խնդրել են մեկնաբանել «Հաարեցի» հրապարակումը, նա ասել է, թե դա չի լսել և նման մեկնաբանությունների մասին տեղեկություն չունի:

- Տվյալ հարցի վերաբերյալ մեր դիրքորոշումը չի փոխվել: Նախագահն իր ուշադրությունը կենտրոնացնում է նրա վրա, որ կողմերին օգնի, որպեսզի պատմական խաղաղ գործարք մշակեն,- հավատացրել է Թրամփի մամուլի պատասխանատուն:

ԱՄՆ ղեկավարի շրջապատում ընդհանրապես ժխտել են, թե Թրամփը Գուտերեշի հետ զրուցելիս նման խոսքեր է ասել:

- Նախագահն ասել է, թե ինքն այնպիսի զգացողություն ունի, որ երկու կողմերն էլ ցանկանում են խաղաղության հասնել, և` որ ինքն առաջվա նման լավատես է` խաղաղության հաստատուն համաձայնությունը հեռանկար ունի: Մենք ուշադրությունը կետրոնացնում ենք մեր կառուցողական բանակցությունների վրա, այլ ոչ թե աղմուկի, որը բարձրացնում են նրանք, ովքեր ձգտում են խաթարել (խաղաղության շարժումը),- «Հիլ» լրագրին ասել է Սպիտակ տան աշխատակազմի բարձրաստիճան մի ներկայացուցիչ:

Ասե՞լ է Թրամփը այդ խոսքերը, թե՞ ոչ` առայժմ անորոշ է: Այդ դեպքում կարևորն այն է, որ «Հաարեցի» հրապարակումը ճշմարտությունն է վեր հանել` դրանով Թրամփին ու իր վարչակազմին կրակը գցելով:

Ամերիկյան կողմը, բնականաբար, ամեն ինչ կժխտի, եթե իհարկե` լրատվամիջոցը ձայնագրություն չհրապարակի: Ամեն դեպքում դժվար է երևակայել, որ ԱՄՆ-ը կսկսի Իսրայելի բոստանը քարեր նետել: Այնպես որ նույնիսկ ձայնագրությունը երևի ամերիկյան պաշտոնյանիերին չի ստիպի այդ խոսքերի իսկությունը խոստովանել: