Բաքուն առանց նոր լապշինների գոյատևել չի կարողանում

Սեպտեմբերին թուրք  չորս մտավորականների Արցախ այցելելն այնքան ցավագին է ընդունել Ադրբեջանը, որ դիմել է Ինտերպոլին՝ նրանց նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու պահանջով: Ինտերպոլն էլ, ինչպես երևում է, այդ պահանջը բավարարել է:
 
Ստեղծված իրավիճակը թուրք մտավորականները մակնաբանել են «Ակօոս» թերթում: 
 
Անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանությանը, թե Արցախ այցելած թուրքերն իրենց գործողությունները Ադրբեջանի պետական մարմինների հետ չեն համաձայնեցրել՝ լրագրող Ալի Բայրամօղլուն ասել է, թե փաստորեն փորձ է արվել թեման շրջանցել, և դա պետք է մեկնաբանել այսպես. 
 
- Մենք թույլ չենք տա դիպչել մեր քաղաքացիներին, սակայն ոչ էլ այդ մասին կբարձրաձայնենք: 
 
Բայրամօղլուն համոզմունք է հայտնել որ իր քաղաքացիների պաշտպանության գործում Անկարան պետք է ավելի հստակ դիրքորոշում որդեգրի:     
 
Որոնվողների ցուցակում հայտնված մյուս թուրք մտավորականի՝ քաղաքական գործիչ Ուֆուք Ուրասի կարծիքով էլ՝ Ադրբեջանի պահվածքն իրավական որևէ հիմք չունեցող սխալ քաղաքական դիրքորոշման դրսևորում է։ 
 
«Ակօսի» խնդրանքով թեմայի վերաբերյալ մեկնաբանություն է տվել փաստաբան, իրավական փորձագետ, Ստամբուլի փաստաբանների բյուրոյի նախկին նախագահ Յուջել Սայմանը.
 
- Այս քաղաքացիներին ձերբակալման ու կալանավորման Բաքվի որոշումը չի կարող նրանց արտահանձնման հիմք հանդիսանալ: Եթե նրանց արարքը հանցանք է նաև ըստ Թուրքիայի օրենքների, նրանք իրենց պատիժն այստեղ կկրեն: Ինտերպոլով որոնվելը նույնպես այստեղ նրանց ձերբակալելու ու արտահանձնելու հիմք չի տալիս, բայց դա կարող է տեղի ունենալ որևէ այլ՝ երրորդ երկրում:
 
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Այդըն Հուսեյնովը Արցախ այցելած Թուրքիայի քաղաքացիներին դավաճան է համարել ու համոզմունք հայտնել, թե Թուրքիան կարճ ժամանակահատվածում նրանց Բաքվին կարտահանձնի: Երևում է՝ Լապշինին հարկադրված ազատ արձակելուց հետո Արցախի հողին ոտք դրած նոր արտասահմանցիների են կարոտում: 
 
Զարմանալի չի լինի, իհարկե, եթե Թուրքիայում որոշեն զոհաբերել իրենց չորս քաղաքացիներին՝ հանուն փոքր եղբայր Ադրբեջանի քմահաճույքի ու սևեռուն գաղափարների: Առավել զարմանալին Ինտերպոլի որոշումն է՝ բավարարել Ադրբեջանի անհեթեթ պահանջները: Թեև, «ադրբեջանական լվացքատան» բուռն գործունեությունը հիշելիս՝ պետք է մտածել, որ Ինտերպոլում նույնպես հասարակ մահկանացուներ են աշխատում, որոնց հագուստեները նաև գրպաններ ունեն…
 
Ի դեպ, «ադրբեջանական լվացքատան» մասին խոսել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, մարդու իրավունքների ենթահանձնաժողովի անդամ, բուլղարացի քաղաքական գործիչ Անդրեյ Կովաչևը: Նա ասել է, որ կոռուպցիայի, փողերի լվացմանն առնչվող ապօրինի գործողություններում ներգրավված բոլոր անհատները պետք է հետաքննվեն. ներառյալ «Ադրբեջանի լվացքատանն» առնչվող մարդիկ, որոնց թվում նաև բուլղարացու անուն է շրջանառվում:
 
- Եթե նրանց ներգրավվածության մասին վկայող ծանրակշիռ ապացույցներ կան, ապա այդ անհատները պետք է համապատասխան ատյանների առջև կանգնեն: Դատարանները պետք է ապահովեն, որ ֆինանսական, քաղաքական ոլորտներում իրականացված քրեական գործողությունները անաչառ դատավորների կողմից օրենքի համաձայն պատասխանատվության ենթարկվեն,-համոզված է Կովաչևը: