Թրամփը վստահ է, որ Իրանը մեղավոր է

Երևում է` Իրանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոկորդում մնացած ցավագին փուշ է, որից ուզում է օր առաջ ազատվել: Իսկ Իրանի նման երկրից ազատվելու համար շատ հիմնավոր միջոցներ են հարկավոր: Ու քանի որ մինչև օրս կիրառված միջոցները անբավարար են եղել, Թրամփը նոր գաղափար է հղացել:

TBN հեռուստաալիքին տված հարցազրույցում նա ԻԻՀ-ին մեղադրել է Հյուսիսային Կորեային ֆինանսավորելու համար ու վստահություն հայտնել, թե Թեհրանը Փհենյանի հետ առևտուր է անում:

-Ես վստահ եմ, որ Իրանը Հյուսիսային Կորեային ֆինանսավորում է: Վստահ եմ, որ Թեհրանն առևտուր է վարում Փհենյանի հետ, վստահ եմ, որ նրանք ինչ-որ գործեր են ձեռնարկում, և դա բոլորովին անթույլատրելի է,- ասել է ԱՄՆ նախագահն ու նշել, թե իր համոզմամբ` Իրանը խնդիրներ է ստեղծում Մերձավոր Արևելքում և պետք է դրան համարժեք պատիժ ստանա:

Սրանով չբավարարվելով` Թրամփը Իրանին վատ խաղացող է համարել ու պնդել, թե նրա հետ պետք է վարվել այնպես, ինչին վատ խաղացողն է արժանի:

Թե որևէ երկրի նախագահի վստահությունը որքանով է իրավական կատեգորիա` դժվար է ասել, բայց որ կարող է քաղաքական ծանր հետևանքներ ունենալ` անկասկած է: Ու քանի որ ԱՄՆ-ից Իրան տեղեկություններ են հասել, թե նախագահ Թրամփը մտադիր է առաջ քաշել նաև Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ահաբեկչական կազմակերպությունների սև ցուցակում ընդգրկելու հարցը, իրանական կողմից պատասխանը  չի ուշացել:

ԻՀՊԿ գլխավոր հրամանատար, գեներալ Մոհամադ Ալի Ջաֆարին հայտարարել է, որ Իրանն էլ ի պատասխան` ԱՄՆ-ի զորքերի հետ կվարվի այնպես, ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հետ է վարվում, և այդպիսով` տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական ուժերը կհայտնվեն վտանգի տակ:

Ջաֆարին նաև նշել է, որ նոր պատժամիջոցները վերջակետ կդնեն Միացյալ Նահանգների հետ ապագա երկխոսության հնարավորություններին:

- Պատժամիջոցներով ԱՄՆ-ի հակառակորդներին հակազդելու մասին օրենքի կյանքի կոչումը հավասարազոր է իրանական միջուկային ծրագրի հարցով համաձայնագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուն,-հայտարարել է գեներալը:

Ժամանակին ԱՄՆ-ը Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնին բոլոր մահացու մեղքերի համար մեղադրեց և դա ծանրակշիռ հիմք համարեց` ներխուժելու այդ երկիր: Ընդ որում` հետագայում այդ մեղադրանքները չհաստատվեցին: Փոխարենը տարածաշրջանում հսկայական տարածքներ գրավեց ԻՊ-ն: Իսկ Իրանին ուղղված մեղադրանքների աղբյուրը, փաստորեն, ԱՄՆ նախագահ Թրամփի վստահությունն է սոսկ: Բայց երևի դա էլ չի խանգարի, որ փորձ արվի Իրանին մինչև վերջ ճնշել:

Հետևանքները, ԱՄՆ-ի կարծիքով, իրենից օվկիանոսներով բաժանված հանրություններն են կրելու: Բայց եթե իրադարձությունների պատճառահետևանքնային կապը վերարտադրելու ձիրք ունենային` հաստատ կմտածեին, որ Լաս-Վեգասի ողբերգությունը և նմանատիպ այլ իրադարձություններ ծնունդ են առնում այդպիսի գործելակերպի հետևանքներից: