Շոտլանդիան դարձյալ հետաձգում է անկախության նոր հանրաքվեն

Մեծ Բրիտանիայից Շոտլանդիայի անկախանալու հնարավորությունների մասին է երեկ խոսել առաջին նախարար և Շոտլանդիայի ժողովրդական կուսակցության (ՇԺԿ) ղեկավար Նիկոլա Սթերջենը:

Բի-Բի-Սի-ի եթերում նա ասել է, թե Շոտլանդիայի անկախության երկրորդ հանրաքվեն պետք է հետաձգել այնքան, մինչև հայտնի կդառնան Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանները:

- Ես ժամկետների վերաբերյալ ինչ-ինչ դատողություններ չեմ անի, քանի դեռ  Բրեքսիթի պայմաններն առավել ակնհայտ չեն դառնա, և քանի մենք դեռ չենք հասկացել, թե Շոտլանդիայի համար դա ինչ նշանակություն կունենա,-նշել է Սթերջենը:

Նա խոսել է այն մասին, որ մարդիկ ահագնացող աղետի են սպասում ոչ միայն Բրեքսիթի բուն պայմաններից, այլ նաև Թերեզա Մեյի ղեկավարությամբ դրա քաոսային, անճարակ կազմակերպումից:   
ՇԺԿ ղեկավարը հերթական անգամ խոսել է եվրոպական ընդհանուր շուկայից դուրս գալու Լոնդոնի ծրագրերի մասին, ինչը բխում է Բրեքսիթից: Նա բառացիորեն ասել է.

-Միացյալ շուկայից դուրս գալը Մեծ Բրիտանիայի համար շատ մեծ հիմարություն կլինի:  

Մարտին Սթերջենը հայտարարել էր, թե Շոտլանդիայի անկախության երկրորդ հանրաքվեն հարկավոր է անցկացնել 2018թ. աշնանից մինչև 2019թ. գարուն ընկած ժամանակահատվածում. այսինքն ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց առաջ:

Հիշեցնենք, որ 2014թ. անցկացված անկախության հանրաքվեում 55% առավելություն էր ստացել հօգուտ Մեծ Բրիտանիայի կազմում մնալու կետը:  Եվրամիությունից դուրս գալու վերաբերյալ հանրաքվեում Շոտլանդիան կողմ է արտահայտվել ԵՄ կազմում մնալու կետին, նույնը` Հյուսիսային Իռլանդիան, իսկ Միացյալ Թագավորության մյուս երկու վարչական միավորներում` Անգլիայում ու Ուելսում հաղթել է «ոչ»-ը:

Թերևս հենց այս վիճակագրության վրա է ցանկանում խաղալ Նիկոլա Սթերջենը. եթե ԵՄ-ից դուրս գալու պայմանները ամբողջ թագավորությունում անբարենպաստ իրավիճակ ստեղծեն, եթե բոլորն ստիպված լինեն հեռանալ եվրոպական ընդհանուր շուկայից, երկրորդ անգամ անցկացված հանրաքվեն գուցե շոտլանդիայի քաղաքացիների մեջ անկախանալու և Եվրամիությունում մնալու ցանկություն առաջացնի:

Բայց 2020թ. շուտ դա չի լինի: Իսկ մինչ այդ, երևի, շոտլանդացիների համար պարզ կլինի, թե ինչ հետևանքներ են ունենում աշխարհում ընթացող անկախական շարժումները, բռնությունների ու ճանաչումների նժարները կհամադրեն ու ավելի լավ կկողմնորոշվեն: