Ահաբեկիչն ահաբեկիչ է անգամ իր «հայրենիքում»

Երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն սկսեց իր մարդասպան ու թալանչի գործունեությունը, դրա շարքերը արագորեն լցվեցին ադրբեջանցի զինյալներով:

ԻՊ-ականների քարոզած գաղափարներն ու գործելակերպը նրանց շատ հոգեհարազատ էին: Նրանց համար լայն ասպարեզ էր բացվել իրացնելու բռնություններ կիրառելու, թույլին ու անպաշտպանին նվաստացնելով` իրեն բարձր երևակայելու, ուրիշի ունցվածքը թալանելու` մեջները դարերով բուն դրած հատկանիշները:

Դեռևս մի քանի տարի առաջ ԻՊ-ի գործողությունների մասին հրապարակումներում նկատելի էր այն միտքը, թե երբ իսլամիստ գրոհայինները պարտվեն ու զրկվեն զավթած տարածքներից, ադրբեջանցի ԻՊ-ականներին այլ բան չի մնա, քան վերադառնալ իրենց պետություն և այնտեղ շարունակել թալանի, բռնությունների ու սպանությունների սիրած գործը: Բազմաթիվ փաստեր են վկայում, որ 2016թ. ապրիլյան քառօրյայի մարտերում նրանցից ոմանք «կռվում» էին ադրբեջանական կողմում: Իսկ ահա վերջին բացահայտված փաստերը խոսում են Ադրբեջանի տարածքում նրանց ծրագրած ահաբեկությունների մասին:

Ադրբեջանական Haqqin.az-ը հրապարակել է հունվարի 31-ին վնասազերծված ահաբեկչական խմբի ողջ մանցած միակ անդամի քրեական գործի նյութերը: Նշված գործողության ժամանակ ահաբեկիչներից չորսը սպանվել են, իսկ 28-ամյա Ֆարիդ Սադիխովին հաջողվել է ձերբակալել:

Ահաբեկիչ գրոհայինների ծրագիրը հիրավի արժանի է իր համբավին: Խումբը նախ մտադիր է եղել հարձակվել Միլի Մեջլիսի վրա և զանգվածաբար կոտորել պատգամավորներին: Ահաբեկչական հարձակումներից հետո խմբի անդամները պետք է թաքնվեին Գուսարի շրջանի անտառներում` իրենց հետ տանելով զենքն ու զինամթերքը, իսկ թալանված թանկարժեք իրերը պետք է պահեին Բաքվում:

Ահաբեկիչների առաջին թիրախն էր դառնալու Գուսարի շրջանի ոստիկանության բաժինը: Մտադիր են եղել նաև հարձակվել մեկ գործարարի տան և առևտրի կենտրոնի վրա: Խմբի անդամներն առաջարկել են հարձակվել հարուստ քաղաքացիների, զինվորական մասերի վրա, ահաբեկչական գործողություններ կազմակերպել Պետական անվտանգության ծառայության և ՆԳՆ ակադեմիայում: Նրանց հիմնական թիրախները պետք է լինեին պետական հաստատությունները:

Ադրբեջանական դատարանը Ֆարիդ Սադիխովին 11 տարի ազատազրկման է դատապարտել: Իսկ սրանից ոչ մի բանով չտարբերովող մեկ այլ ահաբեկչի, որը Արցախ էր ներթափանցել ու բռնվել, գերությունից ազատելու համար ոչ մի ջանք չի խնայում: Երևի մեր հարևանները դժվարանում են ընդհանրացում անել ու հասկանալ, որ ահաբեկիչը չի կարող խաղաղ ապրել: Եթե ձեռքը հային չի հասնում, հենց իրենց է սպանելու, թալանելու, զրկելու հանգստից:

Բացառված չէ, որ Ադրբեջանում թաքուն կամ բացահայտ հպարտանում են ԻՊ-ում իրենց ազգակիցների առատությունից: Նրանք բոլորն էլ մարդասպանության, այլատյացության, բռնությունների նկատմամբ հակվածության ամբողջ չափաբաժինը Ադրբեջանից են ստացել, և արդար կլինի, որ նրան էլ վերադարձնեն: