Կիրակնօրյա հորդորներ` ուղղված Թրամփին

Իրանի հետ միջուկային գործարքը այս օրերին դարձել է աշխարհում ամենաշատը քննարկվող թեման:

Հիշեցնենք, որ գործարքի մի կողմում Իրանն է, մյուս կողմում` միջուկային վեց տերություն` ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը, Չինաստանը: Պայմանագրի համարձայն` Իրանը դադարեցնում է իր այն միջուկային ծրագրերը, որոնք կասկած են առաջացնում, թե ուղղված են ատոմային զենքի արտադրությանը, իսկ հակառակ կողմը մեղմում է նրա նկատմամբ սահմանված պատժամիջոցները:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե իր նախորդ Բարաք Օբաման Իրանի հետ շատ անհաջող, Միացյալ Նահանգների շահերից չբխող գործարք է կնքել, և այժմ հարկավոր է այդ պետության նկատմամբ խիստ պատժամիջոցներ կիրառել: Այդ հայտարարությանը հանգստյան օրերին արձագանքել են ոչ միայն պայմանագրի կողմ երկրները, այլև հենց Իրանը:

Անգամ Հյուսիսային Կորեան է դիրքորոշում արտահայտել: Իսկ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել միջուկային գործարքը չվերանայել` դա համարելով խիստ վտանգավոր նախադեպ:

Գերմանիայի ԱԳ ղեկավարն էլ Իրանի հետ միջուկային պայմանագիրը պահպանելու կոչ է արել ԱՄՆ նախագահ Թրամփին: Ընդ որում Զիգմար Գաբրիելը հանդես է եկել ոչ միայն իր պետության, այլև Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և ամբողջ Եվրամիության անունից: Նրա խոսքով` ԱՄՆ-ի նմանօրինակ գործելակերպը կարող է հետ բերել այն ժամանակները, երբ Իրանն աշխուժորեն առաջ էր տանում իր միջուկային ծրագրերը:
Զիգմարը սրանով չի բավարարվել ու նաև նախազգուշացնող միտք է հայտնել.

- Մենք ամերիկացիներին նաև պետք է հայտնենք, որ Իրանի հարցում նրանց պահվածքը կարող է մեզ` եվրոպացիներիս, մղել ԱՄՆ-ի դեմ նույնպիսի դիրքորոշման, ինչպիսին ունեն Ռուսաստանն ու Չինաստանը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Միացյալ թագավորության վարչապետ Թերեզա Մեյը մտահոգիչ այդ խնդրին անդրադարձել են հեռախոսազրույցի ժամանակ և պայմանավորվել` Թրամփի հրապարակվելիք որոշումը քննարկել շաբաթվա ընթացքում, երբ հանդիպեն Բրյուսելում: 

Նրանք նաև համաձայնել են, որ միջազգային հանրությունը պետք է համագործակցությունը շարունակի, որպեսզի սահմանափակի տարածաշրջանի ապակայունացմանը միտված Իրանի գործողությունները,-փոխանցել է Մեծ Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիը:

Անշուշտ, սրանից պետք է հասկանալ, որ երկու գերտերությունների ղեկավար կանայք նույնպես կողմ են Իրանի հետ միջույակին գործարքը պահպանելուն:
Իսկ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն էլ ուղղակի հայտարարել է.

- Եթե Իրանն ինչ-որ պահի զգա, որ հակառակ կողմի՝ պատժամիջոցների չեղարկմանն ուղղված քայլերն իր համար անբավարար են, Իրանը կունենա մի քանի տարբերակ, որից մեկը գործող միջուկային համաձայնագրից դուրս գալն է:

Սա էլ արդեն կարող է նշանակել, որ Իրանի ձեռքերը կարձակվեն, և նա միջուկային զենք ստեղծելու համար ոչ մեկի կարծիքը հաշվի չի առնի: Ինչ խոսք, գործի նման ելքն ամենաշատը Հյուսիսային Կորեայի սրտով է: Ռուսական «ՌԻԱ-նովոստին» տեղեկացրել է, որ Սանկտ Պետերբուրգում կայացած Միջխորհրդարանական միության վեհաժողովում ԿԺԴՀ պատվիրակության ղեկավար Ան Դոն Չխոնը հայտարարել է, թե Իրանն ու Հյուսիսային Կորեան երկար կմնան բարեկամներ և զինակից դաշնակիցներ։ Նա ավելորդ չի համարել հատուկ մոտենալ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիին և ելույթի համար շնորհակալություն հայտնել:

ԱՄՆ արտգործնախարար Ռեքս Թիլերսոնը նույնպես կիրակի օրը հանգիստ չի նստել: Սի-Էն-Էն-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, թե ԱՄՆ-ը գործընկերների հետ աշխատելու է Գործողությունների համատեղ համընդգրկուն ծրագրի ուղղությամբ (ԳՀՀԾ) և շահագրգռված է համաձայնագրի առաջմղմամբ և տեսչություն իրականացնելու գործում։ Չի մոռացել նաև Իրանին ուղղելու հերթական մեղադրանքները: Նաև ասել է, թե Իրանը ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում` աջակցելով ՀԱՄԱՍ-ին, «Հըզբոլահ» խմբավորմանը, Եմենի գրոհայիններին։