Ինչո՞վ է պայմանավորված պատերազմի ավարտը Սիրիայում

Սիրիայի կառավարական բանակն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատագրել է վերջին խոշոր քաղաքը` Ալ-Մայադինը: Ռաքքայի և Ալ-Մայադինի ազատագրումից հետո ԻՊ-ի վերահսկողության տակ է գտնվում միայն Սիրիայի հարավարևելյան շրջանը, որը սահմանակից է Իրաքին («Սվոբոդա» կայքի փոխանցմամբ):

Ահաբեկիչներից ազատագրվելուն զուգընթաց` Սիրիայում ընդյալնվում է մեկ այլ ուժի ռազմական ներկայությունը: Թուրքական բանակը դիրքեր է գրավում ԻՊ-ի կողմից առայժմ վերահսկվող տարածքի հակադիր կողմում` Սիրիայի հյուսիսարևմտյան շրջանում:

Լրատվամիջոցները հաղորդել են, որ  թուրքական զորքերի ջոկատներից մեկը Սիրիա է ներխուժել դեռևս հինգշաբթի` Իդլիբ տեղափոխելով զրհամեքենաներ, այլ զինատեսակներ, նաև 200 զինվոր: ԻՊ-ի դեմ պայքար ծավալելուց հետո Թուրքիան առաջին անգամ է Սիրիա ներխուժել: Հնչել է նաև պաշտոնական Դամասկոսի պահանջը Թուրքիայից`  իր զորքերը դուրս բերել Իդլիբ նահանգից:
Սակայն, ինչպես երևում է` Թուրքիան որոշել է ինքը մեղադրողի դիրք գրավել և ահաբեկիչների դեմ պայքարողի համբավ ստեղծել: Թուրքիայի վարչապետ Բեքիր Բոզդաղը («Անադոլու» գործակալության փոխանցմամբ) ասել է, թե  որոշակի ուժեր փորձում են օգտվել Սիրիայի հյուսիսում տիրող անկայունությունից և ռազմական գործողություններից, որպեսզի «ահաբեկիչների հսկողության տակ» գտնվող գոտի ստեղծելու ծրագիր իրականացնեն:

Նա ասել է, թե Անկարան ԱՄՆ ներկայացուցիչներին բազմիցս հայտարարել է` այնպիսի կառույցներ, ինչպիսիք են PYD-ը (Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցություն) և YPG-ն («Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»), PKK («Քրդական աշխատավորական կուսակցության») ահաբեկչական կազմակերպության սիրիական ճյուղավորումներն են: Եվ չնայած դրան` Պենտագոնը նրանց 3500 բեռնատար զենք ու զինամթերք է ուղարկել:

- Մենք հարցրել ենք և հարցնելու ենք` ո՞ւմ դեմ է ուղղվելու այդ զենքը: Անկարան իր սահմանների մոտ ահաբեկիչների հսկողության տակ գտնվող գոտի չի հանդուրժի: Թուրքիան դրա դեմ ձեռնարկում է և կշարունակի ձեռնարկել համապատասխան քայլեր,- ասել է Բոզդաղը:

Քրդական աշխատավորական կուսակցությանն աջակցելը, ինչ խոսք, ամենամեծ թշնամությունն է` Թուրքիայի տեսանկյունից: Սակայն ծագած դիվանագիտական ճգնաժամի առիթով տեղին է հիշել Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասի խոսքերը այն մասին, որ Թուրքիայում 9,5 ամիս ահաբեկչական գործողություն չի եղել հենց ԱՄՆ-ի աջակցության շնորհիվ…

Ուշագրավ է, որ Սիրիայում ԱՄՆ-ի գործողությունները այս օրերին քննադատել է նաև Ռուսաստանը: ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, թե ԱՄՆ-ի անգրագետ կազմակերպած գործողությունների հետևանքով այնտեղ մեծ թվով զոհեր են եղել։

Նրա ասելով` նման գործողությունները հակասում են ահաբեկչական խմբավորումից ազատագրված Մեյադինի ուղղությամբ հարձակում իրականացնող սիրիական կառավարական զորքերի գործողություններին:

Այս ամենից պարզ է մեկ բան` Սիրիայում ԻՊ-ն պարտվում է, սակայն պատերազմի ավարտը դեռևս չի նշմարվում: