Ահաբեկչական «պարտիզանությունը» վերջ չունի

Եգիպտոսի սահմանամերձ շրջաններից երկու հրթիռ է արձակվել Իսրալեյի հարավի ուղղությամբ: «ՌԻԱ-նովոստին» հայտնում է, որ դեռևս տեղեկություն չկա` Գազայի հատվածի սահմանային գոտում գտնվող անապատային շրջանում պայթած հրթիռները նյութական վնասներ պատճառե՞լ են, կամ կա՞ն արդյոք տուժածներ:

Իսրայելի զինուժի մամուլի հաղորդագրությունը միայն հայտնում է.

- Քիչ առաջ Սինայի թերակղզուց Էշկոլի տարածաշրջանային խորհրդի ուղղությամբ երկու հրթիռ է արձակվել:
ՏԱՍՍ գործակալության մեկնաբանությամբ` վերջին տարիներին Սինայի հյուսիսը դարձել է Եգիպտոսի տարածքի ամենաթեժ կետը:

Ծայրահեղականներն այստեղ մշտապես հարձակվում են ոստիկանական կամ բանակային սահմանապահ ջոկատների վրա: Եգիպտոսի բանակն ու ոստիկանությունն արդեն մի քանի տարի գործողություններ են իրականացնում Սինայի հյուսիսային շրջաններում հաստատված արմատական խմբավորումների դեմ, որոնցից ամենամերժելին  «Անսար Բեյթ ալ-Մաքդիս»-ն է («Երուսաղեմի կողմնակիցներ»): Այժմ այն կրում է «Սինայի վիլայաթ» անվանումը և համարվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մի ճյուղը:

Ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի անարդյունավետության մասին շատ է խոսվում: Սա չի՞ նշանակում արդյոք, որ նրանց դեմ պայքարող կառույցներում բազմաթիվ արմատականներ են ներդրված, ովքեր նրանց օգնում են խուսափել բռնվելուց կամ վտանգից: Սա կարծես մի տեսակ պարտիզանական պայքար է հիշեցնում, միայն թե` հակառակ կողմից: Ինչ վերաբերում է Իսրայելին հարվածներ հասցնելուն, կարծիքներ են հնչում, թե հենց այդ երկիրն է զինում ԻՊ-ի ահաբեկիչներին, որպեսզի նրանք տարածաշրջանում դժոխքի վրածեն իր հակառակորդների կյանքը:

Այդպե՞ս է դա, թե՞ ոչ` դեռևս հարց է: Բայց որ Իսրայելի նման ռազմականացված տարածքն անգամ նրանց գրոհներից զերծ չի մնում, փաստ է: Փաստ է նաև այն, որ հնարավորինս շատ զոհեր պատճառելով ահաբեկություն իրականացնելը դարձել է բազմաթիվ մոլագարների կյանքի ու գործունեության իմաստը: Ու դա բազմամիլիոն ընթերցողներ ունեցող լրատվամիջոցների ամենօրյա լրահոսներում արդեն այնքան սովորական լուր է դարձել, որ մարդիկ կարող են նույնիսկ անտարբերությամբ շրջանցել: