«Հարաբերական կայունության» կարևորությունը

Երեկ տեղի ունեցած միջադեպից հետո նախազգուշացումներ են հնչել Իսրայելից՝ Ռուսաստանին, Սիրիայից՝ Իսրայելին:
 
Իսրայելական օդուժը ոչնչացրել է Սիրիայի հակաօդային պաշտպանության մարտկոցը, որը հրթիռ է բաց թողել Լիբանանի օդային տարածքում հետախուզական հանձնարարություն կատարող ինքնաթիռների ուղղությամբ: 
 
Հարվածների այս փոխանակումից հետո Թել-Ավիվը հարաբերությունների սրման չի ձգտում: Իսրայելը շահագրգռված է «հարաբերական կայունության» պահպանմամբ և այն խախտելու մտադրություն չունի: Միջադեպից հետո այս մասին հայտարարել է Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչը: Փոխգնդապետը հայտարարել է, որ այդ կայունությունը պահպանելը բխում է երկու կողմերի շահերից: Իսկ բանակային մամուլի ծառայության մեկ այլ ներկայացուցիչ նախապես հայտնել էր, թե Իսրայելի զինվորականները Սիրիայի ՀՕՊ-ի մարտկոցին օդային հարված հասցնելու մասին ժամանակին տեղեկացրել էին ռուս գործընկերներին ժամանակին տեղեկացրել էին:
 
Որպեսզի հնարավոր լինի երկու պետությունների բանակները զերծ պահել Սիրիայի տարածքում ռազմական գործողությունների ժամանակ հնարավոր պատահական բախումներից, 2015թ. Իսրայելն ու Ռուսաստանը կարգավորել են տեղեկությունների փոխանակաման գործը՝ Իսրայելի Գլխավոր կենտրոնակայանին կից ստեղծելով հատուկ համակարգող կենտրոն: Երևի հենց սրա շրջանակում է իսրայելական կողմը նշում, թե ավիահարվածի մասին ռուսական կողմին տեղյակ է պահվել:
 
Սա տեղի է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ Իսրայել կատարելիք այցից առաջ: Իսրայելի բանակի ներկայացուցիչը նշել է, թե երբ Շոյգուն ժամանի, «այդ թեմայով սպառիչ ասուլիս կստանա»:
 
Միջադեպին, անկասկած, արձագանքել է նաև պաշտոնական Դամասկոսը: Այնտեղից հայտնել են, թե Իսրայելի օդուժը Սիրիայի օդային սահմանը խախտել է Լիբանանի մերձսահմանային գոտում:
 
Սիրիայի բանակի հրամանատարությունը Իսրայելին նախազգուշացրել է, որ հրեական պետության կողմի նախահարձակ գործողությունները կարող են ծանր հետևանքներ ունենալ: Այս մասին հաղորդագրություն է տարածել սիրիական ՍԱՆԱ գործակալությունը:
 
Այդուհանդերձ, Իսրայելի օդուժը արաբական այս երկրի տարածքում պարբերաբար արշավներ է իրականացնում լիբանանյան շիաական «Հզբոլահ» խմբավորման զինյալների դեմ, որոնք ռազմական գործաղություններին մասնակցում են Սիրիայի կառավարական ուժերի կողմից: 
 
Սիրիայի պատճառով, իհարկե, դժվար թե Ռուսաստանի և Իսրայելի հարաբերությունները տուժեն: Ավելի հավանական է, որ նման միջադեպերը խաթարեն «հարաբերական կայունությունը» և վերստին հեռացնեն պատերազմի ավարտը, որի մոտալուտ լինելու մասին նույն օրը լավատեսորեն արտահայտվել էր Ռուսաստանը: