Քիրքուքը Բաղդադի վերահսկողության տակ է անցել

Իրաքի Քրդստանի և Բաղդադի կենտրոնական իշխանությունների միջև կռվախնձոր դարձած նավթառատ Քիրքուքի շրջանը գրավված է: Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին կարգադրել է վիճելի տարածքներից հանել Քրդստանի դրոշները և բարձրացնել Իրաքի դրոշները:
 
Լրատվամիջոցները նշել են, որ քաղաքը գրավվել է առանց փեշմերգայի՝ քրդական «մահապարտների» դիմադրության, իսկ իրաքյան կողմին օգնել են «Խաշդ ալ Շաաբի» շիաական միավորման ուժերը, որոնք վայելում են Իրանի աջակցությունը:
 
Իրաքի ուժերը վերահսկողության տակ են վերցրել Կ-1 ռազմական հենակետը, Բաբա-Գուրգուր նավթային շրջանը, նահանգապետի գրասենյակը, օդանավակայանը, առանցքային ենթակառուցվածքները և ճանապարհները: Հազարավոր բնակիչներ Քիրքուքից հեռացել են՝ շարժվելով Էրբիլ և Սուլեյմանիա: Վիճելի այս տարածքի գրավման որոշումը պաշտոնական Բաղդադը կայացրել է Իրաքի Քրդստանի անկախության հանրաքվեից հետո միայն:
 
Իրաքում կատարվող իրադարձությունների վերաբերյալ ուշագրավ մեկնաբանություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը.
 
- Այդ բախումները մեզ դուր չեն գալիս: Մենք ոչ մեկի կողմը չենք անցնում:  Երկար տարիներ մենք լավ հարաբերություններ ենք ունեցել քրդերի և Իրաքի հետ: Մենք Իրաքի կողմն ենք եղել, չնայած երբեք այնտեղ չպետք է լինեինք: Այս մենամարտում, սակայն, մենք ոչ մեկի կողմը չենք անցնում:
 
Թե որքանով է Թրամփը անկեղծ, երբ ասում է, թե իր երկիրը ոչ մեկին չի սատարում, դժվար է ասել: Բայց երբ ասում է, թե իրենք Իրաքում «երբևէ չպետք է լինեին», այստեղ արդեն ճշմարտությունն ինքնաբուխ դուրս է հորդում: 
 
Ժամանակը ցույց տվեց, որ Սադամին տապալելու և ահաբեկչության դեմ միջազգային պայքար ծավալելու անվան տակ Իրաք ներխուժելով՝ արևմտյան կոալիցիան միայն վատթարացրեց Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը: Եվ  հայտնի էլ չէ՝ ԱՄՆ-ն ու մյուս երկրները կարողացա՞ն հասնել իրենց գլխավոր նպատակին՝ վերահսկողություն ունենալ նավթով հարուստ տարածքների վրա: Բաղդադին որ հաջողվեց Քիրքուքն իր ձեռքում պահել՝ քրդերին զրկելով նրա նավթի հաշվին Իրաքը պառակտելու մեկ հնարավորություններից: