ԱՄՆ-ը կարո՞ղ է դիվանագիտությամբ զսպել Փհենյանին

ՊԱՏԵՐԱԶՄ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ

Այս ամենի մեջ միայն մեկ բան է մխիթարական. միջուկային պատերազմն այն աստիճանի վտանգավոր ու կործանարար է, որ երկու երկրներից ոչ մեկը պատասխանատվություն չի ստանձնում՝ մարդկությանը նման արհավիրքի ենթարկելու համար: Չէ՞ որ որքան էլ փորձեն սեփական անձն ու մերձավոր շրջապատը վտանգներից զերծ պահել, ատոմային մարտագլխիկները բնակավայրերի վրա արձակելուց հետո բնականոն կյանքով ապրելու հեռանկար համարյա չի մնա: Սակայն դժվար է կանխատեսել, թե այս գործոնը որքան ժամանակ կզսպի ամեն օր սպառնալիքներ փոխանակող կողմերին:
 
Կորեական թերակղզում իրավիճակը գագաթնակետին է հասել, և ցանկացած պահի կարող է միջուկային պատերազմ սկսվել։ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստի ժամանակ այսպիսի նախազգուշացում է արել ՄԱԿ-ում Հյուսիսային  Կորեայի մշտական ներկայացուցիչ Կիմ Ին Ռյոնը: 
 
Հյուսիսկորեացի դիվանագետը խոսել է այն մասին, որ ուրիշ ոչ մի երկիր ԿԺԴՀ-ի չափ երկար ժամանակ և նույնքան ծայրահեղ պայմաններում ԱՄՆ-ի կողմից միջուկային սպառնալիքի չի ենթարկվել, դրա համար էլ Փհենյանն իրավունք ունի հոգալու իր ինքնապաշտպանության մասին: Ու ընդգծել է՝ ԱՄՆ-ի ամբողջ մայրցամաքային հատվածը Հյուսիսային Կորեայի կրակի հասանելիության սահմաններում է։
 
Իսկ մինչ ԿԺԴՀ-ն խոսում է միջուկային պատերազմի հնարավորության մասին, ԱՄՆ-ը և Ճապոնիան պայմանավորվում են մեծացնել դիվանագիտական ճնշումը նրա նկատմամբ: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Սալիվանը, իր ճապոնացի գործընկեր Շինսուկե Սուգիյամայի ուղեկցությամբ հանդիպելով լրագրողների հետ, ասել է, թե Պետքարտուղարությունն իր հիմնական ուշադրությունը կենտրոնացրել է խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու և Կորեական թերակղզին ապամիջուկայնացնելու վրա։ Բայց քանի ԱՄՆ պետքարտուղարության երկրորդ դեմքն այնքան էլ չի հավատում խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու հնարավորությանը, այնուամենայնիվ նշել է.
 
- Սակայն եթե դիվանագիտությունը ձախողվի, մենք և մեր դաշնակիցներ Ճապոնիան ու Հարավային Կորեան պետք է պատրաստ լինենք վատթարին: 
 
Վատթարը, իհարկե, պատերազմն է ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի միջև, որի հետևանքներն անուղղելի կլինեն: Դրա համար էլ Ջոն Սալիվանը նաև ասել է, թե ԱՄՆ-ը պետք է պատրաստ լինի պաշտպանել ոչ միայն իրեն, այլև իր դաշնակիցներին: Չէ՞ որ Ճապոնիան ու Հարավային Կորեան Փհենյանի անմիջական հարևաններն են և ամեն օր ականատես են լինում նրա միջուկային գործունեության դրսևորումներին: 
 
Իսկ եթե դիվանագիտություն ասելով՝ ԱՄՆ-ը նկատի ունի Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցները, ապա դրանք առայժմ կարծես միայն հակառակ ներգործություն են ունեցել: