Կմաքրվե՞ն եվրակառույցների «Ավգյան ախոռները»

Եվրոպացիների և Ադրբեջանի «առևտրային» հարաբերություններին է անդրադարձել նորվեգական aftenposten.no լրատվամիջոցը: Առևտրի առարկան եվրոպացի քաղաքական ազդեցիկ գործիչների ձայնն է` հօգուտ Ադրբեջանի ցանկացած ծրագրի, իսկ գինը` տասնյակ հազարավոր եվրոներ ու դոլարներ, շքեղ հյուրընկալություններ Բաքվում, ոսկե ժամացույցներ, ձեռագործ գորգեր ու կիլոգրամներով սև խավիար:

Այստեղից էլ միջազգային հարաբերությունների պատմություն ներթափանցած ուշագրավ բնորոշումը` «խավիարային դիվանագիտություն»: Միջազգայնագետները հավանաբար այն արդեն եզրաբառ են դարձրել ու դրանով հարստացրել մասնագիտական բառարնները` որպես Ադրբեջանի մեծ ներդրումը բառարանագիտության գործում:

Նորվեգական կայքում հղում է արվում Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի երկարամյա դեսպան Մամեդովի խոսքերին: Երբ 2009թ. հոկտեմբերին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար է դարձել նորվեգացի Թյորբյորն Յագլանդը, Մամեդովը նրան այցելել է ստրասբուրգյան գրասենյակում և նկարագրել, թե ինչպես է աշխատում «խավիարային դիվանագիտությունը» ու այն կոռուպցիա է համարել: Մամեդովը պնդել է, թե Յագլանդին խնդրել է դա դադարեցնել:

Մամեդովը պատմել է, որ եվրոպացիներին կաշառելու համար Ադրբեջանում հուսալի համակարգ են մշակել, քանի որ իրենց օգտին որոշումներ կայացնելու և Ադրբեջանին գովաբանելու համար գնում են այնպիսի տարեց քաղաքական գործիչների, ովքեր հայրենիքում ապագա չունեն։ Այսպիսիները հեշտությամբ են ծախվում:

Եվրոպայի խորհրդի բարձրագույն ղեկավարը, ըստ էության, կատարվածի մասին լռել է: Իսկ «European Stability Initiative» (Gerald Knaus) ուղեղային կենտրոնի աշխատակցի խոսքով` Ադրբեջանի իշխանություններից ստացած նամակից հետո Յագլանդը դադարել է լրատվամիջոցներով քննադատել խավիարային դիվանագիտությունը: Ռուս-լեհական «Freedom Files» գիտահետազոտական ինստիտուտի վերջին զեկույցի համաձայն էլ` եվրապատգամավորները մոտավորապես 50 հազարական դոլար են ստացել, որպեսզի ակտիվ մասնակցեն քննարկումներին և քվեարկեն այնպես, ինչպես Ադրբեջանն է ուզում: Եղել են դեպքեր, երբ Ալիևի վարչախումբը 200 հազար դոլար է ծախսել արշավի համար, որի նպատակն է եղել կարևոր պաշտոնում բարեկամաբար տրամադրված գործչին ընտրելը:

Ադրբեջանը Եվրոպային նաև նավթով ու գազով է կաշառում: Իսկ ահա «Ադրբեջանական լվացքատան» բացահայտումները վտանգի տակ են դրել 40 միլիարդանոց Անդրադրիատիկ գազամուղի ապագան, որով նախատեսվում է Բաքվից մինչև Իտալիայի Պուլյա քաղաքը 4000 կմ-անոց գազամուղ անցկացնել:

Նորվեգական լրատվամիջոցի հրապարակումն ուղեկցվել է Գերմանիայում նոր կաշառակերների բացահայտմամբ: Կանցլեր Անգելա Մերկելի կուսակից, 2009-ից Բունդեսթագի պատգամավոր Կարին Շտրենցը, ով նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ է, նվազագույնը 15 հազար եվրո էր ստացել Ադրբեջանի շահերը սպասարկող գերմանական լոբբիստական ընկերությունից: Նույն ընկերության հիմնադիր Էդուարդ Լինթները իր «Գերմանա-ադրբեջանական հարաբերությունների խթանման ընկերություն» շնորհիվ Ալիև ընտանիքից 800 հազար եվրո է ստացել:

Եվ ուրեմն` բնավ չափազանցություն չէ Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգելի մտահոգությունը, երբ Եվրոպահայության համագումարի բացմանը խոսել է ադրբեջանական կոռուպցիայի արմատների խորության մասին: Իսկ առավել մտահոգիչ է նրա մեկ այլ դիտողությունը, որը վերաբերում է Մալթայում սպանված լրագրողին, ով օֆշորային աղմկահարույց կապեր էր բացահայտել:

«Ադրբեջանական լվացքատունը», անշուշտ, առանց վարանելու գործի կդնի նաև իր հաշվեհարդարի «բաժանմունքը», եթե ամեն մեկը միայն սեփական գլխից մազ չպակասելը չդարձնի իր գործունեության հիմնական ուղղությունը, այլ բոլորը միասին փորձեն գետերի մաքրող հունն ուղղել դեպի Ավգյան ախոռների վերածված եվրակառույցները: