Չինաստանը կենտրոն դառնալու հայտ է ներկայացնում

«Կոմունիստական կուսակցության համագումար» բառակապակցությունը հետխորհրդային երկրներից շատերում գուցե քմծիծաղ առաջացնի, քանի որ արդեն անցյալի գիրկն է անցել ու եթե հազվադեպ գումարվում էլ է, անզոր է որոշիչ դեր կատարել:

Վերջին տասնամյակներում աշխարհի հզորագույն երկրների թվում տեղ գրաված Չինաստանում այն դեռևս արդիական է: Երեկ` հոկտեմբերի 18-ին մեկնարկած համագումարում նախագահ Սի Ցզինպինը ուղղակի հայտարարել է` Չինաստանը մտել է նոր դարաշրջան և աշխարհում իրեն կենտրոնական դեր է վերապահում (Բի-ԲԻ-Սի-ի փոխանցմամբ):   

Իր ելույթում Սի Ցզինպինը խոսել է սոցիալիստական պաստառների ուղեկցությամբ արձանագրած առաջընթացի մասին, որը մյուս երկրներին ցույց է տալիս, թե կա նոր ընտրության հնարավորություն: Ըստ ՉԺՀ առաջնորդի` սոցիալիզմով նոր դարաշրջան թևակոխած Չինաստանը դարձել է աշխարհի առաջատար ուժը և կարևոր դեր է խաղում մարդկության պատմության մեջ:

- Մեզ համար ժամանակն է` աշխարհում կենտրոնական տեղ գրավել և մարդկության պատմության մեջ ավելի մեծ ներդրում ունենալ,- պարզաբանել է նա:

Օրեցօր բարոյազրկվող ու բևեռացող աշխարհը նորից է սկսել խոսել կապիտալիզմի կործանարար էության մասին: Ճիշտ է, սոցիալիստական ճամբարի փլուզումից հետո կարծես թե լիովին մերժելի համարվեց նաև սոցիալիզմը, և միակ ընդունելին թվաց կապիտալիզմի, ավելի ճիշտ` մասնավոր սեփականության գաղափարը:

Բայց չէ՞ որ վերլուծական մտքով օժտված լինել հարկավոր չէ` նկատելու համար, թե կապիտալի աշխարհում ինչպես է ամեն ինչ դարձել ապրանք ու շահ, ինչպես է փողը մեկի հաշվեհամարներին միլիոնապատկվում` օրվա հացի կարոտ թողնելով միլիոնավոր մարդկանց: Ինչպես են կործանարար զենքերը գեղեցիկ փաթեթներով վաճառվում անգամ տվյալ երկրի հնարավոր թշնամուն` ամենակարևորը համարելով բանկային հաշիվներին փոխանցվող գումարները:    

Մի բան անժխտելի է` Չինաստանը տնտեսական հրաշք արարեց, որի արդյունքում իր դիրքերն ամրապնդեց աշխարհի ուժեղագույն պետությունների շարքում: Հիմա էլ ահա հայտ է ներկայացնում` դառնալու աշխարհի կենտրոնը: Կամ գուցե` պարզապես տեղ գրավելու կենտրոնում: Այժմ աշխարհի շատ երկրներում են մասնագետները փորձում ուսումնասիրել ու կիրառել կարճ ժամանակում հզորանալու` Չինաստանի փորձը:

Գուցե սա՞ կլինի Չինաստանի ներդրումը մարդկության պատմության մեջ` ի տարբերություն բազմաթիվ երկրների, որոնք մարդկության արդի պատմությունը առավելապես արյամբ են գրում: