Ադրբեջանցիները ևս փախչում են երկրից

ՄԻԳՐԱՑԻՈՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄԸ` ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ

Արդի աշխարհի ամենաբնորոշ կողմը թերևս նախնիների երկրից հեռանալն է` օտար ափերում ավելի ապահով կյանք որոնելու նպատակով: Հայերիցս ավելի լավ ո՞վ գիտե այդ երևույթի ամենատարբեր կողմերը. երևույթ, որ մեր պատմության ուղեկիցն է եղել միշտ և այսօր նույնպես  ջլատում է մեզ:

Հայկական սփյուռքն այնքան հին է ու ծավալուն, որ նրա մասին կարելի է հատորներ գրել: Իսկ ահա ընդամենը 25 տարվա ադրբեջանական սփյուռքը դարձել է Բի-Բի-Սի-ի ռուսական ծառայության ուսումնասիրության առարկան:

Միգրացիոն քաղաքականության ինստիտուտի վերջին  տվյալներով` Ադրբեջանում ծնված ավելի քան 1 մլն 147 հազար քաղաքացի այսօր ապրում է օտար երկրներում: Նրանցից 767 հազարն ապրում է ՌԴ-ում, 82 000-ը` Ուկրաինայում, 48 000-ը` Ղազախստանում, 20 000-ը` ԱՄՆ-ում, ևս 20 000` Ուզբեկստանում: 19 000-ի չափ ադրբեջանցի հաստատվել է եղբայր թուրքերի նախընտրած Գերմանիայում, իսկ 17 000-ը որոշել է բախտ որոնել հենց Թուրքիայում:

Հաղորդման ադրբեջանցի զրուցակիցները երկրից հեռանալու հիմնական պատճառներից են համարել աշխատանքը, անվտանգության խնդիրները, կյանքի ընդհանուր մակարդակը, կաշառակերությունը և լավ ապագայի հեռանկարի բացակայությունը: Ոմանք ասել են, որ Ադրբեջանում իրենց ծանոթների մեծ մասը երկու խմբի է բաժանվում` շատ լավ աշխատանք ու եկամուտ ունեցողներ և ընդհանրապես գործազուրկներ: Շեշտվել է նաև խոշոր քաղաքներից դուրս կյանքի նորմալ պայմանների բացակայությունը:

Բայց ինչպես պարզվում է` Ադրբեջանի իշխանություններն այս դեպքում նույնպես հմտորեն կեղծում են թվերը` ամեն ինչ «օքեյ» ներկայացնելու քարոզչական հնարքներով: Միայն 2017թ. առաջին կեսին Ադրբեջանի շուրջ 5000 քաղաքացի ՌԴ քաղաքացիություն է ձեռք բերել: Սրանք ՌԴ ԱԳՆ-ի տվյալներն են: Մինչդեռ Ադրբեջանի իշխանությունների ներկայացրած վիճակագրությունը փաստում է բնակչության մշտական աճն ու ներգաղթը: Ադրբեջանի պետական վիճակագրական ծառայության տվյալներով` 2016թ. այնտեղից դուրս է եկել ընդամենը 1700 մարդ, իսկ մշտական բնակության համար ժամանել է 3200-ը:

Տեղաշարժի այս հաշվեկշիռը ադրբեջանական պաշտոնական վիճակագրությունը պահպանում է 2008-ից սկսած: Ընդ որում` տվյալներ ներկայացնելիս շատ բաներ հաշվից դուրս են մնում: Օրինակ` սեզոնային միգրանտները կամ երկու-երեք երկրի քաղաքացիություն ունեցողները:

Ադրբեջանում հալածվող իրավապաշտպան Արիֆ Յունուսը «Միջազգային միգրացիայի վերաբերյալ կիրառական հետազոտությունների կոնսորցիում» կազմակերպության (CARIM) համար կազմած իր ուսումնասիրության մեջ ընդգծել է, որ միգրացիայի թեման լիովին քաղքաքականացված է, իսկ ադրբեջանական պետությունը ցանկանում է մարդկանց ամեն կերպ համոզել, որ երկրում ամեն ինչ հրաշալի է: Իսկ ահա ռուս փորձագետ Սերգեյ Ռումյանցևը նկատում է, որ քաղաքական նպատակներով միգրացիոն տվյալները խեղաթյուրելը հատուկ է հետխորհրդային գրեթե բոլոր երկրներին:

Ադրբեջանն իր նավթադոլարները ներդնում է «ադրբեջանական լվացքատան» գործունեության մեջ, իսկ բնակիչների ապահովությունը կարելի է թվանկարչությամբ էլ ապահովել: