Իրաքի Քիրքուքն ու Թուրքիայի ախորժակը

ՀՈւՇՈւՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Առավել զավեշտական է թուրք կուսակցապետի հիմնավորումը` Ղրիմը Թուրքիային վերադարձնելու պահանջի առնչությամբ.  

- Դա կայսերապաշտական միջամտություն չի դիտվի։ 100 տարի առաջ մերն էր։ Տվել ենք, որ մի քիչ պահեն։

Սա արդեն ուղղակի հուշում է մեզ: Մենք էլ հարյուր տարի առաջ մեր հայրենիքն ենք «տվել, որ մի քիչ պահեն»: Թուրք կուսակցապետը, թերևս ինքն էլ չհասկանալով, մեզ հուշում է` ամեն երկիր թող տեր կանգնի այն ամենին, ինչ «տվել է ուրիշներին, որ մի քիչ պահեն»: Իսկ այդ պարագայում Թուրքիային կմնան միայն միջինասիական ավազուտները: Ու ամբողջ աշխարհը կասի` բարի վայելում, այդտեղից երբեք չպետք է դուրս գայիք:

Իրաքի Քիրքուք նահանգի շուրջը տեղի ունեցող իրադարձությունները չեն իջնում նաև արաբական մամուլի էջերից: Վերլուծելով քրդական ուժերի պարտության պատճառները, լրատվամիջոցները դա կապում են ոչ միայն Իրանի աջակցության կամ ԱՄՆ-ի տված համաձայնության հետ:

Գլխավոր պատճառ է համարվում Իրաքի Քրդստանի իշխանությունների հեղինակության անկումը այն բանից հետո, երբ նրանք անկախության հանրաքվեի մեջ ընդգրկեցին նաև վիճելի տարածք համարվող Քիրքուքի նահանգը: Իսկ քրդերի ձեռքից նավթառատ շրջանը հետ վերցնելը հեղինակության խնդիր էր նաև Իրաքի կենտրոնական իշխանությունների, երկրի վարչապետ Հայդեր Աբադիի համար: Դա նաև խոսում է իրաքյան բանակի ռազմական հնարավորությունների մասին. բանակ, որը կոփվել է տարիներ շարունակ ահաբեկիչներին հետ մղելով:

Քիրքուքի նահանգը բնակեցված է հիմնականում քրդերով, թուրքմեններով և արաբներով: Օդանավակայանի, նավթահանքերի նկատմամբ իշխանությունների վերահսկողության հաստատումից հետո քրդերը զանգվածաբար հեռացան. խոսվում է 100 հազարից ավելի հեռացած քրդերի մասին: Մինչդեռ քրդերն, իրենց ապագա անկախ պետության համար, Քիրքուքի նման կարևոր նահանգի հետ հավանաբար մեծ հույսեր էին կապում:

Արաբական լրատվամիջոցները նշում են, որ առայժմ քրդերն անկախանալու ծրագրերից չեն հրաժարվել` հակառակ Իրաքի վարչապետի պնդման, սակայն քրդաբնակ նահանգներում Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանիի ցանկացած անկախությունը նույնպես չի հաստատվել: Իսկ սա նշանակում է, որ ամեն ինչ դեռևս առջևում է:

Օրինակ, վերջերս Քիրքուքը գրավելու ախորժակ է դրսևորել Թուրքիան: Ճիշտ է, հայտարարությունն արվել է կուսակացապետերից մեկի բերանով, սակայն երևի սա այն դեպքն է, երբ հարկավոր է ուշադրությունը հիմնական դեմքերից շեղել: CNNturk-ի եթերում «Մեծ միասնություն» կուսակցության ղեկավար Հաքան Չելիքը խոսել է Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող իրադարձություներին Թուրքիայի ռազմական միջամտության անհրաժեշտության մասին և հայտարարել. 

- Թուրքիային պետք է միացվեն ոչ միայն Քիրքուքն ու Մոսուլը, այլ նաև Արևմտյան Թրակիան և Ղրիմը:

Քիրքուքն ու Մոսուլը Իրաքի տարածքում են, Արևմտյան Թրակիան` Բուլղարիայի, իսկ Ղրիմը` Ռուսաստանի, որը վերստին իրենը դարձնելու ցանկությունից վառվում է Ուկրաինան: Ահա թե քանի երկրից է թուրք գործիչը մտադիր տարածքներ նվաճել: Բայց ամենազավեշտականն այն է, որ այդ երկրները հիմնականում ձգտում են սիրաշահել Թուրքիային: