Թրամփն ուզում է ավելի հզոր ԱՄՆ-ի նախագահը լինել

ԱՄՆ 45-րդ նախագահի նպատակն է ամերիկյան զինված ուժերը դարձնել «ավելի ուժեղ, քան երբևէ եղել են»: Այս մասին նա խոսել է «Ֆոքս նյուս» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որից հատվածներ են հրապարակվել հոկտեմբերի 23-ին: Դոնալդ Թրամփը նաև հաջողված է գնահատել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ իրականացված գործողությունների ելքը: 
 
- Մեր ամենակարևոր խնդիրը մեր մարդկանց պաշտպանությունն է: Հարկավոր է պաշտպանություն ապահովել ամենատարբեր սպառնալիքներից: «Իսլամական պետություն» դեմ մեր գործողությունները շատ հաջողված էին,- ազդարարել է Թրամփը: 
 
ԱՄՆ նախագահը նկատի է ունեցել Սիրիայի Ռաքքա քաղաքի գրոհը, որը հունիսի 6-ից հոկտեմբերի 17-ը իրականացրել են «Ժողովրդավարական Սիրիայի ուժեր» ընդդիմադիր կազմակերպության զորամասերը՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների օդուժի աջակցությամբ: Ու նաև հիշեցնենք, որ Սիրիայի և ՌԴ պաշտոնական ներկայացուցիչները բազմիցս բողոքել են հատկապես ԱՄՆ-ի օդուժի հարձակումներից՝ նշելով, թե դրանից ավելի շատ խաղաղ բանկիչներն ու շինություններն են տուժում, քան ԻՊ-ի գրոհայինները:
 
Այս կասկածելի հաղթանակը, սակայն, Թրամփին առիթ է տվել գովաբանելու իր ղեկավարած երկիրը և ի լուր աշխարհի հայտարարելու.
 
- Մենք ավելի ու ավելի հզոր ենք դառնում:
 
Դեռևս սեպտեմբերին ԱՄՆ Սենատը օրինագիծ է ընդունել երկրի ՊՆ գործունեության ուղղվածության վերաբերյալ և 2018թ. համար առանձնացրել 700 մլրդ դոլարի կարգի գումար: Դրանից 640 միլիարդը նախատեսված է գերատեսչության հիմնական գործառույթների համար՝ զենք ձեռք բերել, վճարել զինծառայողներին և աջակցել զորքերի մարտական պատրաստվածությանը: Մնացած 60 միլիարդը պետք է ծառայեցնեն ԱՄՆ-ից դուրս՝ Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում և այլ երկրներում իրականացվող ռազմական գործողությունների շարունակությանը:
 
Այսպիսով, ԱՄՆ-ի ռազմական բյուջեի տասնյակ միլիարդավոր դոլարներ տրամադրվում են ուրիշ երկրներում ռազմական գործողությունների իրականացմանը: Վերջին տասնամյակներում նման գործողություններ ծավալվել են Աֆղանստանում, Իրաքում, Մերձավոր Արևելքի այլ տարածքներում: Դրանք հակամարտություններ են, որոնք սկսվում, բայց այդպես էլ չեն ավարտվում: Կարծես մեկին դա ձեռնտու է: