ԻՊ-ն նոր հանգրվան է որոնում

ԱՖՂԱՆՍՏԱՆԸ ՀԱՐՄԱՐ Է ԳԱԼԻՍ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն անհանգստացրել է Աֆղանստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման աշխուժացումը: Հարցն արծարծվել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդին կից աշխատանքային խմբի նիստում:
 
Մտահոգություն է հայտնվել, թե հնարավոր է՝ կազմակերպության պատասխանատվության գոտում գտնվող տարածքներում արմատականության և ահաբեկչության արտահանման սպառնալիք առաջանա:  
 
Երևում է՝ Իրաքում և Սիրիայում պարտություն կրելով՝ գրոհայիններն  ահաբեկչություն ծավալելու հարմար վայրեր են փնտրում, իսկ Աֆղանստանը լավագույն տարբերակն է: Տասնամյակներ տևած պատերազմներից թուլացած այս իսլամական երկրում նրանք հաստատ իրենց «գաղափարները» տարածելու և գործելու պարարտ հող կգտնեն: 
 
Ինչպես հակամարտության ու ահաբեկիչների գործունեության ոլորտ մյուս գոտիներից, Աֆղանստանից նույնպես մարդիկ արտագաղթում են՝ ապաստան գտնելու առավել ապահով երկրներում: Միայն Իրանը 23 տարում՝ 1990-2013թթ., 2,3 մլն աֆղանցի փախստական է ընդունել (փաստել է ԻՌՆԱ գործակալությունը):
 
Նախարարության պաշտոնյա Բահման Աբասին նշել է, թե Իրանը փախստականներ է ընդունել նաև Իրաքից, Պակիստանից, Ադրբեջանից, Թուրքմենստանից, Հայաստանից և Թուրքիայից: Հատկանշական է, որ նշված պետություններից միայն Հայաստանն է քրիստոնեական: 
 
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հաղորդած տեղեկության համաձայն՝ ԻՊ-ի տիրապետության տակ Սիրիայի տարածքների 5%-ից պակասն է մնացել: Տարածքներից բացի՝ գրոհայինները նաև կենդանի ուժ և զինտեխնիկա, սարքավորումներ են կորցում: Իսկ նրանց գործունեությանը սնունդ տվող աղբյուրները, ինչպես երևում է, բնավ չեն բարակել: 
 
Գրոհայիններին գործելու նոր ասպարեզ է հարկավոր: «Ավանգարդն» արդեն գրել է Լիբիայի իշխանությունների ահազանգի մասին, թե ԻՊ-ի փախած գրոհայինները կուտակվում են իրենց կողմից չվերահսկվող տարածքներում:
 
Այժմ էլ ՀԱՊԿ երկրներն են ահազանգում Աֆղանստանում նրանց աշխուժացման մասին, քանի որ դա կարող է աղետներ բերել ոչ միայն ԻՊ-ի նոր հանգրվանի «հավակնող» Աֆղանստանին, այլև ամբողջ տարածաշրջանին: