Ձեր տարաձայնությունները ձեզ պահեք

ԱՄՆ-ի և Իրանի միջև առկա տարաձայնությունները չպետք է Իրաք ներթափանցեն: Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին այդ մասին խոսել է ամերիկյան «Ուոլ սթրիթ ջրնըլ»  թերթին տված հարցազրույցում:
 
Բանն այն է, որ վերջին տարիներին Թեհրանն ու Վաշինգտոնն են Բաղդադի հիմնական գործընկերները՝ հատկապես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: 
 
- Մենք ԻՊ-ի դեմ պայքարի ընթացքում մեզ հետ բարեկամացած բոլոր երկրներին, այդ թվում նաև ԱՄՆ-ին և մեր հարևան Իրանին, ասում ենք՝ ձեր աջակցությունը մենք ողջունում ենք, ցանկանում ենք աշխատել երկուսիդ հետ էլ, միայն խնդրում ենք՝ ձեր հիմնախնդիրներն Իրաք մի տեղափոխեք,- ալ-Աբադիի խոսքերն է փոխանցել պարբերականը:
 
Իրաքի վարչապետն ավելացրել է, թե իր երկրին ինչ-որ բան պարտադրելն «անընդունելի» կհամարվի: Նա մեկնաբանել է շիաների աշխարհազորի՝ վերջին օրերին աշխուժացած թեման, որից Թեհրանի և Վաշինգտոնի միջև վերջերս անհամաձայնություն էր ծագել: ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, թե իրանամետ խմբավորումները պետք է հեռանան Իրաքից: Այն ժամանակ ալ-Աբադիի գրասենյակի աղբյուրը զարմանք էր հայտնել և ընդգծել, որ աշխարհազորում կռվողներն իրաքցիներ են, ովքեր ենթարկվում են նրա իշխանություններին:  
 
- Աշխարհազորի ուժերը պետք է հավատարիմ լինեն միմիայն Իրաքին և ուրիշ ոչ մեկին՝ Իրաքի կառույցներին, գերագույն հրամանատարությանը, այլ ոչ թե քաղաքական կուսակցություններին կամ որևէ այլ ուժի՝ լինի այն երկրի ներսում, թե նրանից դուրս,- հայտարարել է Իրաքի վարչապետը: 
 
Մնացած բոլոր նմանատիպ խմբերը, ըստ ալ-Աբադիի, օրենքից դուրս կհայտնվեն, քանի որ «ոչ մեկը չպետք է զենք կրի Իրաքի անվտանգության ուժերի իրավասությունից դուրս»: 
 
Հիշեցնենք, որ Իրաքի շիաական աշխարհազորը ԻՊ-ի դեմ պայքարի նպատակով այդ երկրի զինուժին պաշտոնապես անդամակցել է 2016թ.: Նրան բազմիցս մեղադրել են Իրաքի սուննիական շրջանները ահաբեկիչներից ազատագրելիս իր լիազորությունները գերազանցելու համար: Մեղադրողները, մասնավորապես, Սաուդյան Արաբիան և Թուրքիան են: Երկու երկիր, որոնք հավակնում են առաջնորդել աշխարհի սուննիներին: 
 
Շիաական աշխարհազորը մասնակցել է նաև Քրիրքուքի վիճելի շրջանը Իրաքի կենտրոնական իշխանությունների վերահսկողությանը վրադարձնելու ռազմական գործողություններին: Դրանից հետո տեղական աղբյուրները հայտարարեցին, թե հազարավար քրդեր այնտեղից փախել են, որպեսզի խույս տան այդ աշխարհազորի հետապնդումից:   
 
Դժվար է նման իրավիճակում հեռվից դատել՝ ո՞ր կողմն է արդար, ո՞րը՝ մեղավոր. պատերազմի դաշտում փլավ չեն բաժանում: Սակայն այժմ շատ է խոսվում այն մասին, թե քրդական փեշմերգան՝ զինուժը, չկարողացավ Քիրքուքի պաշտպանությունը կազմակերպել և ստիպված եղավ այն հանձնել:
 
Ստացվում է՝ նրան պարտության մատնողը շիաների աշխարհազորն է եղել: Այդ դեպքում չի՞ ստացվում արդյոք, որ ոմանք ուղղակի վրեժխնդիր են լինում՝ այդ նավթառատ «համեղ» հողակտորը քրդերից խլելու համար: