ՄԱԿ-ի մասնագետներն իրո՞ք այդքան արհեստավարժ են

«Ֆրանս պրես» գործակալությունը քաղվածքներ է հրապարակել գաղտնի փաստաթղթից, համաձայն որի՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունը «պատասխանատու է ապրիլի 4-ին Խան-Շեյխունում զարին կիրառելու համար»:

Թե ինչպես և ինչ նպատակով են լրատվամիջոցներում գաղտնի փաստաթղթից տեղեկություններ սպրդել՝ կարելի է ենթադրել: Բայց հարց է ծագում՝ եթե ՄԱԿ-ի մասնագետներն այդքան արհեստավարժ, անկողմնակալ ու անձնվեր են, այդ ինչպե՞ս է, որ մինչև օրս չեն կարողանում պարզել, թե որ կողմն է խախտում հայ-ադրբեջանական զինադադարի կարգը և գրեթե ամեն օր կյանքեր խլելու պատճառ դառնում: Անգամ այն ժամանակ, երբ հենց իրենց վրա են կրակում:

Սիրիայի դեմ պատերազմն սկսվեց քիմիական զենքի կիրառման մեղադրանքից և քաոսի վերածեց առանց այն էլ անհանգիստ տարածաշրջանը: Զարինով խաղաղ բնակիչներին թունավորելու մեղադրանք առաջադրվեց նաև այս տարվա ապրիլի 4-ին Խան-Շեյխուն բնակավայրում տեղի ունեցած իրադարձություններից հետո: Միայն թե մինչ օրս դեռևս անհերքելի ապացույցներ չեն ներկայացվել, որոնք վկայեն Ասադի կառավարության անմիջական մեղավորությունը: 

ՄԱԿ-ը դրանով զբաղվում է. 2015թ. ստեղծվել է Սիրիայում քիմիական զենքի կիրառումն ուսումնասիրող հանձնաժողով, որը զեկույց է կազմում նաև ապրիլի 4-ին տեղի ունեցածի վերաբերյալ: «Ֆրանս պրես» գործակալությունն էլ, ահա, քաղվածքներ է հրապարակել գաղտնի փաստաթղթից, համաձայն որի՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունը «պատասխանատու է ապրիլի 4-ին Խան-Շեյխունում զարին կիրառելու համար»: 
 
Այս առիթով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը համոզմունք է հայտնել, որ Դամասկոսի քիմիական գրոհը հաստատող մասնագետները իսկական արհեստավարժներ են: Եվ նրանց շնորհակալություն է հայտնել ջանադիր ու անձնվեր աշխատանքի համար:
 
Այս մասին հայտնել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարհան Հաքը՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի և ՔԶԱԿ-ի (Քիմիական զենքի արգելման կազմակերպության) համատեղ զեկույցը, որտեղ ներկայացված է են Սիրիայում քիմիական գրոհի վերաբերյալ ուսումնասիրությունները:
 
- Գլխավոր քարտուղարն ընդգծում է՝ ինքը բոլորվին չի կասկածում, որ քննությունն ընթացել է արհեստավարժ, առարկայական և անաչառ, ինչպես նաև հանձնաժողովի ղեկավարությանն ու անձնակազմին շնորհակալություն է հայտնում ջանադիր ու անձնվեր աշխատանքի համար,-հայտարարել է Հաքը: 
 
Վերոհիշյալ հանձնաժողովը Սիրիայի հասցեին արդեն մեղադրանք է առաջ քաշել: Իրենց նախկին հաշվետվություններից մեկում հարցի ուսումնասիրությամբ զբաղվողները թունավոր նյութերի կրարառման երեք դեպքերի պատասխանատվությունը դրել են Սիրիայի կառավարական զորքերի, իսկ մեկինը՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վրա: 
 
 ՌԴ-ն վետո է դրել ԱՄՆ-ի կազմած բանաձևի վրա, որով նախատեսվում էր հանձնաժողովի լիազորությունները երկարաձգել մինչև 2018թ. նոյեմբեր և կոչ է արել սպասել զեկույցի հրապարակմանը: