Ո՞ւր գնա փախստականը, եթե նրան մերժել են ապաստան տալ

Մեր դարաշրջանի պատմությունը գրելիս` հետագայում գիտնականները թերևս ամենամեծ շեշտադրումն անեն փախստականների հիմնախնդրի վրա: Որովհետև այն ոչ միայն պետությունների երկարամյա անհեռատես քաղաքականության արդյունք է ու միլիոնավոր մարդկանց թշվառության պատճառ, այլև մոլորակի ժողովրդագրական պատկերը փոխող վտանգավոր ական` հղի միջկրոնական, միջէթնիկական, միջպետական ու այլ տարբեր բախումների ու խտրականության վտանգներով:

Մարդիկ մի երկրից մեկ ուրիշն են փախչում կամ արտագաղթում` ռազմական գործողությունների գոտիներից հեռանալու, այլևայլ բռնություններից խուսափելու, շատ թե քիչ ապահով կյանք գտնելու հույսով: Հիմնական հանգրվան, իհարկե, որոնում են Եվրոպայի, Ամերիկայի հարուստ երկրներում: Այդ երկրները, բնականաբար, ո′չ անսահմանափակ թվով մարդիկ տեղավորելու չափ առաձգական են, ո′չ էլ, առավել ևս, հրեշտակային համբերությամբ օժտված:

ԱՄՆ-ի` փախստականների մուտքը սահմանափակող օրինագծերը մի կողմ թողած` հիշենք, որ Եվրոպայում բոլոր փախստականներին չէ, որ  ընդունում են, մի մասին հետ են ուղարկում այն երկրները, որտեղից եկել են: Բայց նրանց այնտեղ էլ վերընդունել չեն ուզում: Ու սա արդեն այս խնդրով Եվրամիության ղեկավարությունն է սկսել զբաղվել: Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ԵՄ-ն մտադիր է ճնշումն  էապես մեծացնել այն երկրների վրա, որոնք հետ չեն ընդունում ԵՄ տարածքում ապաստան ստալու մերժում ստացած տարագիրներին:

Բանգլադեշի նկատմամբ արդեն իսկ նման մեխանիզմ գործարկվել է: Հնդկաստանից արևելք տարածվող` համեմատաբար այս փոքր պետությունից քաղաքացիների մեծամասնությունը Եվրոպա է ժամանում առավելապես Լիբիայից Իտալիա անցնելով` Միջերկրական ծովը կտրելով ապօրինի միջոցներով:

Բրյուսելը այժմ բանակցություններ է վարում նաև Հյուսիսային Աֆրիկայի երկրների հետ, որպեսզի վերացնի Եվրոպայում մերժում ստացած փախստականների ընդունման հետ կապված համանման խնդիրները: Միայն 2016թ. այս տարածաշրջանից Իտալիա է հասել 180 հազարից ավելի տարագիր: 10-ից 9-ը` դարձյալ Լիբիայով:
Հարց է ծագում` ինչպե՞ս են գրեթե կյանքի գնով Եվրոպա հասած մարդիկ վերադառնալու նախկին բնակության վայրերը, և առավել ևս` ինչպե՞ս են նրանց այնտեղ ընդունելու:

Հետաքրքիր է` Բրյուսելում սրա մասին մտածել կամ միջոցներ ձեռնարկե՞լ են: Այդ երկրների ղեկավարներին սահմանափակելուց առաջ նրանց օգնելո՞ւ են, որ հետ գնացողների համար պայմաններ ստեղծեն: Կամ զանգվածային արտագաղթի մեղավորներին գոնե հանդիմանելո՞ւ են:

Հարյուր տարի առաջ աշխարհով մեկ փախստական դարձան միլիոնավոր հայեր: Այն ժամանակ աշխարհը անտարբերությամբ նայում էր, թե ինչպես է քաղաքակրթության ակունքներում կանգնած մի մեծ ազգ հայրենազրկվում ու տարագրվում: Չխոսելով արդեն կոտորածների մասին:

Այն ժամանակ հրեշավոր անարդարությունը կանխելու քայլեր չարվեցին, միայն մասնավոր անձինք սատար կանգնեցին: Դա այն բումերանգն էր, որը պտտվեց, պտտվեց ու հարվածեց թե′ մեղավոր, թե′ անտարբեր երկրներին: Ու հիմա սա արդեն ոչ թե մեկ ազգի, այլ միջազգային խնդիր է: Ու եթե նորից արդար լուծում չստանա, վաղը գուցե համատիեզերական աղետ դառնա: