Քրդերի հույսերը չարդարացան

Իրաքի Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին, խորհրդարանի նիստին հայտարարելով, որ նոյեմբերի 1-ից լիազորությունները վայր է դնում, հանդես է եկել հեռուստաելույթով: Sky News Arabia-ի եթերում նա հայտարարել է, թե Բաղդադի իշխանությունները անկախության հանրաքվեն օգտագործեցին որպես Քրդստանի վրա հարձակվելու պատրվակ: Հոկտեմբերի 15-16-ի իրադարձություններն էլ որակել է որպես հարված թիկունքից:

- Այն, ինչ նրանք (կենտրոնական իշխանությունները) արեցին Քրդստանի դեմ, նախօրոք ծրագրված էր: Հանրաքվեն միայն մեր շրջանի վրա հարձակվելու պատրվակ էր,- ասել է նա` միաժամանակ պարզաբանելով, թե հանրաքվեի նպատակը քրդերի հիմնախնդրի խաղաղ լուծումը գտնելն էր:

- Մենք միշտ ասել ենք, որ այս հանրաքվեին չեն հետևելու ինչ-որ հռչակագրերեր (անկախության), և որ մենք միշտ էլ հակված ենք երկխոսության: Այն ամենը, ինչ այժմ տեղի է ունենում` հանրաքվեի պատճառով չէ: Եթե այն տեղի ունեցած էլ չլիներ, նրանք (Բաղդադի իշխանությունները) ամեն դեպքում ծրագրել էին գրոհել քրդական շրջանները և ապակայունացնել իրավիճակն ինքնավարությունում,-հայտարարել է Բարզնին:

Հիշեցնենք, որ հանրաքվեից առաջ էլ Քիրքուքի նավթառատ շրջանը կռվախնձոր էր Էրբիլի և Բաղդադի միջև, իսկ երբ հանրաքվե կայացավ նաև այս վիճելի տարածքում, Իրաքն ուղղակի զենքի ուժով այնտեղ իր վերահսկողությունը հաստատեց:

Նա ասել է, թե իրենց լեռներից բացի` քրդերին ոչ մեկը չի աջակցում:

- Սակայն մեր մարդկանցից հազարավորները պատրաստ են պաշտպանել մեզ և մեր ժողովրդին: Մենք արյունահեղություն չենք ուզում և ձգտում ենք խնդիրներին լուծում տալ երկխոսության միջոցով: Իսկ եթե նրանք մտադիր են պատերազմ սկսել` մենք կնախընտրենք մահը և թույլ չենք տա, որ մեր պատիվը ոտնահարվի: 
Մինչ այդ խորհրդարանում Բարզանին հայտարարել էր, թե իր հետագա գործունեությունը տեսնում է փեշմերգայի` քրդական զինուժի կազմում:

Հարյուր տարի առաջ թուրքերի ձեռքի տակ ավազակություն անող, հայերին թալանող ու սպանող, պատվի մասին տարրական պատկերացում չունեցող քրդերն այսօր խոսում են մահն անպատվությունից գերադասելու մասին: Սա արդեն մեծ առաջընթաց է: Բարզանիին շատ է դառնացրել նաև  «լեռների պես մենակ մնալու» հեռանկարը, և նա բողոքել է հատկապես ԱՄՆ-ի անտարբերությունից.

- Մեզ համար անականկալ էր նաև այն, որ նրանք, ում ԱՄՆ-ը ահաբեկիչներ է համարում (նկատի ունի շիաական աշխարհազորը), Քիրքուքի և քրդական շրջանների վրա գրոհելիս օգտագործում էին Abrams տանկեր և ԱՄՆ արտադրության զինատեսակներ:
 

Ու հիմա, նրա խոսքով,  քուրդ ժողովուրդը հարց է տալիս` Վաշինգտոնում Բաղդադի ծրագրերի մասին գիտեի՞ն արդյոք, և եթե այո` ինչո՞ւ չկանխեցին:

Այո, երևում է, Բարզանիի ու քրդերի հույսերն առայժմ չարդարացրին ո′չ նրանց բարեկամ համարող ԱՄՆ-ը, ո′չ ամեն կերպ խրախուսող Իսրայելը, ո′չ էլ մանավանդ փեշմերգայի կազմում կռվող և իրենց մահապարտներ համարող քրդերը:

Նշենք, որ իշխանությունից հեռանալու մասին Բարզանիի հայտարարությունը հուզումներ է առաջացրել խորհրդարանում և նրա մերձակայքում: Տարաձայնություն է առաջացրել հատկապես նախագահի լիազորությունները   կառավարության, խորհրդարանի և դատական իշխանության բաշխելու առաջարկը: Դրան դեմ է եղել «Ղորան» կուսակցությունը: Իսկ երբ «Ղորանի» պատգամավորն առաջարկել է այդ լիազորությունները փոխանցել խորհրդարանի խոսնակին` նրան մեղադրել են, թե Բարզնիին վիրավորում է: Վեճն այնքան բուռն է եղել, որ խորհրդարանի նիստն ընդհատվել է: